ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ անկախ ներկայիս գործընթացներից, ՀԱԿ-ը պետք է մասնակցի երկրում ընթացող բոլոր կարգի ընտրություններին, որովհետև դրանք քաղաքական պրոցեսներ են, որոնցից դուրս ՀԱԿ-ը չի կարող լինել: Ավելին, ըստ Սարգսյանի, ամեն անգամ նման ընտրությունների մասնակցելով՝ ՀԱԿ-ը պետք է փորձի ռևանշ վերցնել:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում Սարգսյանը նշեց, որ ինքը համամիտ է Լևոն Տեր-Պետրոսյանի այն կարծիքին, որ գործը չպետք է հասցնել հերթական ընտրությունների և պետք է պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը. «Այսօր մենք արդեն տեսնում ենք, որ շատ կազմակերպություններ, օրինակ՝ իրավապաշտպան կազմակերպությունները, պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, և այդ գործընթացը, կարծում եմ, շարունակություն է ունենալու և քաղաքական այն հատվածը, որը պասիվ դերակատարություն է ունեցել առ այսօր, այժմ կներքաշվի ՀԱԿ-ի ներկայացրած գործընթացի մեջ»:
ՍԴՀԿ ատենապետը նկատեց, որ ՀԱԿ-ը պետք է ամեն ինչ անի ֆորումի գաղափարը զարգացնելու և կայունացնելու համար և դրա արդյունքում համաժողովրդական պայքարի մեջ նոր ուժեր ներգրավի. «Կարծում եմ՝ այդ պարագայում մենք կհասնենք Սերժ Սարգսյանի հրաժարականին»:
Հարցին, թե հերթական ընտրությունների մասին խոսելը ՀԱԿ-ի համար նահանջ չի՞ նշանակում, Սարգսյանը պատասխանեց. «Միանշանակ ոչ, մենք երբեք չենք բացառել հերթական ընտրությունների գաղափարը, բայց ամեն ինչ պետք է անենք, որ գործը հերթականի չհասնի, և արտահերթ ընտրությունների միջոցով կարողանանք իրականացնել իշխանափոխություն: Բայց Աստված մի արասցե, եթե դա չհաջողվեց, բնականաբար կպայքարենք հերթական ընտրությունների ժամանակ, և ես չեմ բացառում, որ նորից պիտի փորձեն կեղծել, բայց այդ ժամանակ համաժողովրդական ընդվզման մի նոր հզոր ալիք կբարձրանա, որի արդյունքում վերջնականապես կտապալվի այս իշխանությունը»:







































