Ջորջ Սորոսը և ևս 95 եվրոպացի քաղաքական գործիչներ բաց նամակով դիմել են եվրոգոտու անդամ երկրների ղեկավարությանը` հայտարարելով, որ պարտքային ճգնաժամը պետք է հաղթահարվի մոտ ապագայում, քանի որ այն սպառնում է փլուզել գլոբալ ֆինանսական համակարգը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Եվրոյի ճգնաժամը պետք է հաղթահարվի հիմա: Միջոցները, որոնք ներկայումս ձեռնարկվում են, չափազանց քիչ են և չափազանց անժամանակ: Դրանք ավելացնում են գլոբալ ֆինանսական փլուզման հավանականությունը: Եվրոգոտու համակարգը հեռու է կատարելությունից… դրա էությունն այն է, որ վերացվեն նրա բոլոր անկատարությունները, և չթույլատրվի, որ այն քանդի համաշխարհային ֆինանսական համակարգը»,- ասված է նամակում:
Բացի Սորոսից՝ նամակի տակ ստորագրել են նաև քաղաքական գործիչներ և տնտեսագետներ, այդ թվում` Գերմանիայի ֆինանսների նախկին նախարար Հանս Էյհելեմը, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Քուշները և այլն:
Պարտքային ճգնաժամը եվոգոտու տարածքում սպառնում է ոչ միայն անդամ երկրների տնտեսություններին, այլև լուրջ լարվածություն է առաջացրել ֆինանսական այլ շուկաներում: Եվրոգոտու երկրների ղեկավարները պատրաստվում են առաջիկա նոյեմբերին ներկայացնել եվրոյի փրկության մեծ ծրագիրը:









































