Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն լրագրողներին հայտարարել է, որ թուրքական իշխանություններն ուշադիր հետևում են իրանական կողմից Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) փաստացի ղեկավար Մուրադ Քարայըլանի հնարավոր ձերբակալության շուրջ տիրող իրավիճակին.
«Այդ հարցում պետք է վստահել Թուրքիայի իշխանությունների պաշտոնական հայտարարություններին։ Իրանն ու Թուրքիան սերտորեն համագործակցում են ահաբեկչության դեմ պայքարում»։
Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ թուրքական իշխանությունները պարզություն են մտցնում Իրանի կողմից Քարայըլանի ձերբակալման հարցում։
Հիշեցնենք, որ երեկ թուրքական լրատվամիջոցները շոկային որակեցին այն, որ Իրանը Ղանդիլի լեռներում նախ ձերբակալել, ապա բաց է թողել Քարայըլանին։ Ընդ որում, ուշագրավն այն էր, որ Քարայըլանի և նրա մերձավորների գտնվելու վայրի կոորդինատները Թեհրանին հայտնել էր Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT): Արդյունքում՝ Իրանի անվտանգության ուժերին հաջողվել է ձերբակալել նրանց։
Դա տեղի էր ունեցել Հյուսիսային Իրաքի թուրքական ավիառմբակոծությունների մեկնարկից (օգոստոսի 17) երկու օր առաջ։ Դրանով Իրանը թուրքական ռմբակոծություններից փրկել էր նրանց և տարել Ուրմիա քաղաք։ Ապա իրանական կողմը տեղի ունեցած բանակցությունների արդյունքում նրանց բաց էր թողել։










































