Չինական նորաձևության հսկա Shein-ը ձեռք է բերում էկոլոգիական և «բարեխիղճ նորաձևության» գաղափարով հայտնի Everlane բրենդը․ գործարք, որը շատերը արդեն անվանում են ամենաանսպասելի միավորումը նորաձևության աշխարհում։ Սան Ֆրանցիսկոյում հիմնված Everlane-ը տարիներ շարունակ պայքարել է արագ նորաձևության մշակույթի դեմ՝ խոստանալով մատչելի, բայց էթիկապես արտադրված և կայուն հագուստ։ Բրենդը հայտնի էր իր թափանցիկությամբ․ հրապարակում էր արտադրամասերի աշխատանքային պայմանների, աշխատավարձերի և շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին տվյալներ։
Սակայն այժմ հենց այդ ընկերությունն է անցնում արագ նորաձևության արքա Shein-ի վերահսկողության տակ։ Everlane-ի գործադիր տնօրեն Ալֆրեդ Չանգը աշխատակիցներին ուղղված նամակում հաստատել է գործարքը՝ նշելով, որ համագործակցությունը ընկերությանը կօգնի պահպանել անկախությունը և ստանալ ֆինանսական կայունություն։ Գնման արժեքը չի հրապարակվել, իսկ Shein-ը հրաժարվել է մեկնաբանություններից։ Վերլուծաբանների կարծիքով՝ միայն թափանցիկ լինելն այլևս բավարար չէր գնորդներին գրավելու համար։ Սպառողները ցանկանում էին նաև ավելի ցածր գներ, իսկ էկո-նորաձևության հանդեպ հետաքրքրության նորության էֆեկտը ժամանակի ընթացքում մարեց։
Մյուս կողմից, Shein-ը վերջին տասնամյակում դարձել է երիտասարդների ամենահայտնի բրենդներից մեկը՝ առաջարկելով չափազանց մատչելի և թրենդային հագուստ։ Ընկերությունը հիմնադրվել է Չինաստանում 2012 թվականին և մեծ ճանաչում ձեռք բերել հատկապես $15 արժողությամբ զգեստների ու կոշիկների շնորհիվ։ Սակայն այն հաճախ քննադատության է ենթարկվել զանգվածային արտադրության, աշխատողների պայմանների և շրջակա միջավայրի վրա ազդեցության համար։









































