«Հայփոստ» ընկերությունը 2026 թվականի մայիսի 22-ին շրջանառության մեջ է դրել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակ» թեմային:
Ինչպես տեղեկանում է ընկերության տարածած հաղորդագրությունից, 500 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է մեծանուն ամերիկահայ գործարար, գյուտարար, բարերար, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) բազմամյա նախագահ, հասարակական գործիչ և Հայաստանի ազգային հերոս Ալեք Մանուկյանը (1901-1996թթ):
Գեղաթերթիկի վրա առկա են «ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐ, ԳՅՈՒՏԱՐԱՐ, ԲԱՐԵՐԱՐ» և «125 ԱՄՅԱԿ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Ալեք Մանուկյանին է պատկանում աշխարհում առաջին միաբռնակ Delta ծորակի գյուտը: Նրա աջակցությամբ են հիմնվել և ֆինանսավորվել տասնյակ հայկական դպրոցներ և մշակութային կենտրոններ ամբողջ աշխարհում:
Թողարկման օրը` 22 մայիսի 2026թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի
Տպարանը` bpost Philately & Stamps Printing, Բելգիա
Նամականիշի չափսերը` 40,0 x 30,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 60,0 x 60,0 մմ
Տպաքանակը՝ 15 000 հ.








































