Միացյալ Թագավորության առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը հրաժարական է ներկայացրել՝ հայտարարելով, որ այլևս չունի վստահություն վարչապետ Քիր Սթարմերի նկատմամբ։
X-ում հրապարակած հրաժարականի տեքստում մասնավորապես նշվում է․«Ինչպես արդեն գիտեք այս շաբաթ ավելի վաղ ունեցած մեր զրույցից, ես կորցրել եմ իմ վստահությունը Ձեր առաջնորդության հանդեպ, ուստի ես եկել եմ այն եզրակացության, որ անպատիվ և անսկզբունքային կլինի իմ մնալը կառավարության կազմում»։
Շնորհակալություն հայտնելով Սթարմերին համատեղ աշխատանքի համար՝ Սթրիթինգը նշել է, որ հասկանում է, թե որքան դժվար է կառավարումը։ «Մեր երկիրը առերեսվել է հսկայական մարտահրավերների։ Մեր պատմության մեջ առաջին անգամ հաջորդ սերունդը բախվում է նախորդից ավելի վատ ժառանգության։ Մենք ունենք պատերազմներ, որոնք մոլեգնում են Եվրոպայում և Մերձավոր Արևելքում, և որոնք մեր մարտահրավերները դարձնում են ավելի դժվար»,- նշել է նա։
Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության շուրջ 90 անդամ կոչ է արել Սթարմերին հրաժարական տալ և հեռանալ վարչապետի պաշտոնից։ Պատճառը կուսակցության ջախջախիչ պարտությունն էր նախորդ շաբաթվա տեղական ընտրություններում։
Սակայն շուրջ 150 պատգամավոր իր աջակցությունն է հայտնել Սթարմերին՝ ասելով, որ հիմա ղեկավար փոխելու ճիշտ ժամանակը չէ և դրա պարագայում երկիրը կարող է հայտնվել քաոսի մեջ։
Նախորդ օրերին հրաժարական էր ներկայացրել ևս երեք նախարար։









































