Կանարյան կղզիների նախագահ Ֆերնանդո Կլավիխոն հայտարարել է, որ համաձայն չէ Իսպանիայի՝ հազվադեպ և մահաբեր հանտավիրուսի բռնկում ունեցող զբոսանավն ընդունելու որոշման հետ։ «MV Hondius» նավում մահացել է երեք մարդ՝ մի զույգ Նիդերլանդներից և մեկ գերմանացի, սակայն պաշտոնապես հանտավիրուսի առկայությունը մինչ օրս հաստատվել է միայն նիդերլանդացի կնոջ մոտ։ «Ես չեմ կարող թույլ տալ, որ այդ նավը մտնի Կանարյան կղզիների տարածք։ Այդ որոշումը (Իսպանիայի) հիմնավորված չէ որևէ տեխնիկական չափանիշով, և մենք բավարար տեղեկատվություն չենք ստացել»,- ասել է Կլավիխոն «COPE» ռադիոկայանի եթերում։
Հանտավիրուսը սովորաբար մարդկանց է փոխանցվում կրծողներից միջոցով։ Այն կարող է առաջացնել ծանր շնչառական հիվանդություններ։ Մարդուց մարդուն փոխանցումը չափազանց հազվադեպ է։ Բացի այդ, հանտավիրուսով վարակվածություն է ախտորոշվել Հարավային Աֆրիկայում նավից տարհանված 69-ամյա բրիտանացու մոտ, իսկ չորեքշաբթի Շվեյցարիայի իշխանությունները հայտնել են, որ վիրուսը հայտնաբերվել է նաև իրենց քաղաքացու մոտ, որը նույնպես եղել է այդ նավի ուղևոր։
Շվեյցարիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ այդ մարդը «MV Hondius»-ով ճամփորդությունից վերադարձել է ապրիլի վերջին և նախ դիմել է իր թերապևտին, ապա տեղափոխվել Ցյուրիխի համալսարանական հիվանդանոց։










































