Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների տասներկուերրորդ հանդիպումը անցյալ տարվա նոյեմբերի վերջին կայացել է ադրբեջանական Գաբալա քաղաքում։ Այդ մասին կողմերը տարածել են բառացիորեն նույնական հաղորդագրություն, ըստ որի՝ «կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման ամսաթիվը Հայաստանի Հանրապետության քաղաքներից մեկում»։
Այս պայմանավորվածությունից ուղիղ հինգ ամիս հետո սահմանազատման հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովի նախագահ Մուստաֆաևը գտնվում է Հայաստանում։ Քաղաքական գործընթացի տրամաբանությունը հուշում է, որ դա փոխադարձ աշխատանքային այց է, և Աղվերանում ընթացող բանակցությունների առարկա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն է։
Մամուլում և սոցիալական հարթակներում, սակայն, քարոզչություն է ծավալվում, որ Ադրբեջանի փոխվարչապետը «ցանկություն է հայտնել, որ անպայման այցելի իր ծննդավայր Ջուջևան»։ Առաջին հայացքից թվում է, թե գործ ունենք «անմեղ ենթադրության» հետ: Մուստաֆաևն, իրոք, ծնունդով Ջուջևանից է, որտեղ էլ միջնակարգ կրթություն է ստացել և կարելի է մտածել, որ նա նման ցանկություն «ունի»։
Բայց պարզվում է, «Ջուջևանի թեման» ուղղորդվում է ռուսաստանցի մեդիափորձագետ Գաբրելյանովի կողմից։ Նա ֆեյսբուքյան անձնական օգտահաշվում գրել է, որ Մուստաֆաևը Երևանում «նախատարաստելու է երեք հարյուր հազար ադրբեջանցի վերադարձի համաձայնագիրը, ինչպես նաև Սյունիքում հայ ադրբեջանական «ընդհանուր տան» պայմանագիրը»։ Գաբրելյանովը նույնիսկ թվարկել է Հայաստանի այն բնակավայրերը, որտեղ «ադրբեջանցիները պետք է վերաբնակվեն»։
Այս գրառումը կատարելուց երկու ժամ հետո Գաբրելյանովը տեղեկացրել է, որ Ռուսաստանի «հատուկ ծառայությունները խոստացել են բացել ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի Երևան այցի գաղտնիքը», և ինքը «կհրապարակի այդ տեղեկությունները, հենց որ ձեռքի տակ ունենա»։ Հասկացվում է, որ նրա նախորդ «կացնային ոճի» գրառումը պատվիրատունը պարզապես խոտանել են։
Ադրբեջանի փոխվարչապետի Հայաստան այցին երկու կարևոր իրադարձություն է նախորդել։ Կարսում հայ-թուրքական հանդիպմանը քննարկվել է Գյումրի-Կարս երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը։ Այդ հանդիպումը ողջունել են Եվրամիությունը և Թուրքիայում ԱՄՆ դեսպանը։ Նույն օրը Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուզինը «հանդիպել» է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին։
Այդ մասին կողմերը լրացուցիչ տեղեկություն չեն հայտնել, բացի այն, որ «քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»։ Տպավորություն է, որ Ադրբեջանի դեսպանը ՌԴ ԱԳՆ է «հրավիրվել» Գաբալայում Զելենսկի-Ալիև բանակացությունների վերաբերյալ «պարզաբանումներ անելու» համար։ Հայաստան-Ադրբեջան փաստացի խաղաղության ինստիտուցիոնալացումը, Հարավային Կովկասում կայունությունը և հատկապես հայ-ադրբեջանական համագործակցությունը և հայ-թուրքական կարգավորումը հակասում են Ռուսաստանի կայսրապետական նկրտումներին։
Ակնհայտ է, որ Մոսկվան այդ սկզբունքային հարցում Բաքվի և հատկապես Անկարայի դեմ իր դեմքով հանդես գալու ռեսուրս և քաղաքական կամք չունի, ուստի արամգաբրելյանովական քարոզչությամբ փորձում է Հայաստանում իրեն ձեռնտու ուժերի նոր հարաբերակցություն ստեղծել, հասնել իշխանափոխության և, ինչպես «Բարգավաճ Հայաստան»-ից են ձևակերպել՝ անցնել Հայաստան-Ադրբեջան «համաձայնությունների աուդիտի»։ Այսինքն՝ ռեւիզիայի, վերանայման կամ, ըստ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ «վերաբանակցման»։ Թե ինչ իրոք էքզիստենցիալ փորձություն կլինի դա Հայաստանի համար՝ Ռուսաստանին, բնականաբար, դույզն իսկ չի մտահոգում։ Խնդիր է, թե հայաստանյան ընդդիմադիր ուժերն ինչո՞ւ են նույն ճանապարհը ընտրել։











































