2015թ. սեպտեմբերի 15-ին «Արմենպրեսը» Ստեփանակերտից հայտնել է, որ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորները և հասարակական գործիչները «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանական ստեղծելու մասին հայտարարություն են տարածել: Նախաձեռնությունը նպատակադրվել է «խթանել Ղարաբաղի և Ֆրանսիայի բարեկամական հարաբերությունների զարգացումը»՝ գիտակցելով «Հարավային Կովկասի տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման ու կայունության պահպանման անհրաժեշտությունը ու դրանում ժողովուրդների միջև երկխոսության ու համագործակցության կարեւորությունը»:
Հայտարարությունը ստորագրել են ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պատգամավորներ Արսեն Առստամյանը, Վիտալի Բալասանյանը, Ժաննա Գալստյանը, Արթուր Թովմասյանը, Հայկ Խանումյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱրՊՀ պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը, «Ազատ Արցախ» հանրապետական թերթի լրագրող Ռուզան Իշխանյանը, SPFA-ի Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Լիլիթ Մինասյանը և ԼՂՀ-ում «Հայաստան» հիմնադրամի ֆրանսիական մասնախմբի ներկայացուցիչ Միշել Տանկրեզը:
Անցել է ավելի քան տասը տարի, տեղի է ունեցել քառասունչորսօրյա պատերազմ, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարում, հարյուր հազար մարդու բռնատեղահանություն: Այդ ընթացքում փոխվել են նաև կողմերի քաղաքական դերակատարները: «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամական շրջանակ ստեղծելու մասին վերոհիշյալ հայտարարությունը ստորագրած անձանցից ոչ մեկը ներկայումս Ստեփանակերտի քաղաքական վերնախավում ներկայացված չէ:
Եվ այս իրավիճակում Արցախի «Ազգային ժողովի» ֆեյսբուքյան էջը հայտնել է, որ «Արցախ-Ֆրանսիա» բարեկամական շրջանակի ներկայացուցիչները, որ «Սփյուռքի զորաշարժի խորհրդաժողովին» մասնակցելու համար օրերս գտնվել են Փարիզում, այցելել են Ֆրանսիայի Ազգային ժողով: Ֆրանսիական կողմին կարելի է հասկանալ. նման ոչ պաշտոնական հանդիպում կազմակերպելու համար նրանք մի քանի, այդ թվում և՝ արտաքին քաղաքական, շարժառիթներ ունեն, իսկ Ստեփանակերտի ներկայացուցիչներին ի՞նչն է նման ցուցադրականության մղել:
Պաշտոնական Փարիզը ձգտում է Բաքվի հետ հարաբերությունների բարելավման: Մի քանի օր առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկվել է նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության, համագործակցության հարցը: «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամական խմբի գործունեությունը վերամեկնարկելու մտադրվածության մասին տեղեկությունը, գուցե, Անկարայում սրված ուշադրության չարժանանա, բայց Բաքուն հասցրել է իշխանամետ մի քանի լրատվամիջոցների անունից Ֆրանսիայի անկեղծությանը և խաղաղության հաստատմանը Հայաստանի հավատարմությանը կասկածել: Եթե «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամական շրջանակի մասին հիշեցումը արվել է ի հեճուկս Բաքվի, ապա նախաձեռնողները հաջողել են: Բայց դա որքանո՞վ է Հայաստանին օգտակար:
Լուսանկարը՝ aparaj.am-ի











































