«ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ երեկ Մարգարյան հիվանդանոցի դահլիճում ՀՀ էլիտար շինարարության մեջ միջինը 150 հազար ԱՄՆ դոլարի ներդրումներ կատարած շուրջ 100 սեփականատերեր ժողով են արել:
«Նրանք կանգնած են ներդրած գումարներից զրկվելու և իրենց բնակարանները կորցնելու վտանգի առաջ: Այդ ընթացքում ընթերցվել է Սերժ Սարգսյանին ուղղված նամակը, որտեղ ասվում է, որ հավատալով սփյուռքի նախարարության «Արի տուն ծրագրին»՝ տարիներ առաջ ներդրումներ են կատարել հայրենիքում, սակայն այսօր կանգնած են այդ գումարները կորցնելու վտանգի առաջ»,- գրում է թերթը և հավելում.
«ժողովին մասնակցել են 100 բաժնետերերից 35-ը, իսկ պատասխանող կողմի՝ շինարարությունն իրականացնող «Հերմեքս» ՍՊԸ-ի ներկայացուցիչներն այնտեղ չեն եղել: Նշենք, որ «Մալիբու» սրճարանի տարածքում գտնվող և 80 տոկոսով պատրաստ շենքը «Հերմեքս»-ի կողմից գրավ է դրվել բանկին: Այսինքն՝ մարդկանց ունեցվածքը ՍՊԸ-ն գրավադրել է: Հավելենք նաև, որ շենքի 1-ին և 2-րդ հարկերի հետ կապված դատական վեճի արդյունքում իրենց ներդրումները կորցնելու վտանգի առաջ հայտնված մարդկանց հայցը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանի կողմից բավարարվել էր, իսկ Վերաքննիչի կողմից՝ մերժվել: Հիմա դատական վեճը ՀՀ վճռաբեկ դատարանի վարույթում է»:









































