Թուրքական լրատվամիջոցներն անարձագանք են թողել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման երկամյակի թեման և իրենց հրապարակումներում այդ հարցին անդրադարձ գրեթե չեն կատարել: «Առաջին լրատվականի» հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:
«Ըստ երևույթին, 2009-ի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունները սպառել են իրենց, կամ էլ Թուրքիան պատրաստակամություն ու քաղաքական կամք չունի վերադառնալու դրանց»,- տեսակետ հայտնեց նա:
Արա Գոչունյանի խոսքով՝ թեպետ երկկողմ փաստաթղթերը դեռևս պահպանվում են, սակայն քիչ հույս կա, որ դրանց վավերացման գործընթացում քայլ առաջ կարվի: «Նման զարգացումների իրատեսական հիմքեր, կարելի է ասել, ընդհանրապես չկան»,- ամփոփեց ստամբուլահայ խմբագիրը:
Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել էին 2009 թ. հոկտեմբերին Ցյուրիխում: Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման պատճառով ավելի ուշ դրանց վավերացման գործընթացը կասեցվել էր: Անկարան 2011 թ. օգոստոսին Թուրքիայի խորհրդարանի օրակարգից հանել էր հայ-թուրքական արձանագրությունները, սակայն շաբաթներ առաջ կրկին վերադարձրել էր իր օրենսդիր մարմին:








































