Հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի համար բոլոր առումներով իսկական հետքայլ են և նահանջ: Այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանը:
Նրա խոսքով՝ հայ-թուրքական գործընթացում Հայաստանը պարտվում է բոլոր չափորոշիչներով, և բացի այն, որ արձանագրությունների ստորագրումից ի վեր ձեռքբերումներ չեն գրանցել, նաև կորուստներ ենք ունեցել` ի դեմս Ցեղասպանության պատմական ճշմարտությունը կասկածի տակ հայտնվելու փաստի:
«Թուրքիայի հետ որեւէ գործարքի, բանակցության և առավել ևս հարաբերություններ հաստատելու չպետք է գնալ: Նա է փակել հայ-թուրքական սահմանը, նա էլ պետք է բացի այն: Անընդունելի է, որ Թուրքիան մի երրորդ երկրի` այս դեպքում Ադրբեջանին գոհացնելու համար փակ պահի Հայաստանի հետ սահմանները»,- նկատեց ՍԴՀԿ ատենապետը:
Լյուդմիլա Սարգսյանը նաև համոզմունք հայտնեց, որ հայ-թուրքական գործընթացի վերակենդանացման պարագայում Հայաստանը կրկնակի և եռակի վնաս է կրելու: «Արձանագրությունները կյանքի կոչելու գինը լինելու է ղարաբաղյան հարցի` հօգուտ Ադրբեջանի լուծելը: ԱՄՆ-ը, որպես Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման շահագրգիռ կողմ, ճնշումներ է գործադրելու Հայաստանի վրա»,- համոզմունք հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել էին 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման պատճառով ավելի ուշ դրանց վավերացման գործընթացը կասեցվել էր: Անկարան 2011 թվականի օգոստոսին Թուրքիայի խորհրդարանի օրակարգից հանել էր հայ-թուրքական արձանագրությունները, սակայն շաբաթներ առաջ կրկին վերադարձրել էր իր օրենսդիր մարմին:











































