Ռուսական СПОРТ – ЭКСПРЕСС-ը, վկայակոչելով Sky Sports-ը, հայտնում է, որ Իռլանդիայի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Ջովաննի Տրապատոնին դեռևս շաբաթ օրն Անդորրայի հավաքականին 2։0 հաշվով հաղթելուց հետո անդրադարձել է հոկտեմբերի 11-ին Դուբլինում կայանալիք «Իռլանդիա-Հայաստան» հանդիպմանը, որը թիմերի համար բախտորոշ է լինելու՝ խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու համար, ինչն անցումային (փլեյ-օֆֆ) խաղերին մասնակցելու իրավունք է ընձեռում.
«Իռլանդիայի հավաքականը հաջորդ (Հայաստանի հետ) հանդիպման համար պետք է պահպանի իր հաղթական ոգին։ Մենք պետք է չափազանց լրջությամբ մոտենանք Հայաստանի հետ խաղին։ Անդորրայի հետ խաղում մենք ստեղծեցինք բավականաչափ վտանգավոր պահեր, ընդ որում՝ մրցակցին թույլ չտալով ստեղծել ոչինչ։
Ասում են, թե Հայաստանի հավաքականի հետ խաղում մեզ ձեռնտու կլինի ոչ-ոքի արդյունքը, սակայն այդպիսի մտածողությամբ դաշտ դուրս գալը պարզապես անթույլատրելի է։ Մեզ ձեռնտու է միայն հաղթանակը»։
Հիշեցնենք, որ ներկա դրությամբ Իռլանդիայի հավաքականը «Եվրո-2012»-ի ընտրական մրցաշարի B խմբում ունի 18 միավոր, իսկ Հայաստանի հավաքականը՝ 17 միավոր։











































