Գեղեցիկ կանանց գրավում է ոչ թե զուգընկերոջ արտաքինը, այլ նրա հաշիվը: Այս մասին են վկայում Կոլումբիայի համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքները: Գիտնականները կազմել են մաթեմատիկական բանաձև, որը թույլ է տալիս հաշվել, թե ինչքանով են կանայք և տղամարդիկ պատրաստ փոխզիջման գնալ, եթե վերցնենք, օրինակ, մարդու չափսը և նրա դրամապանակի հաստությունը:
Ինչպես գրում է The New York Post պարբերականը, տնտեսագետ Պիեռ Անդրե Չիապպորին նշում է, որ զուգընկեր փնտրողները հաշվի են առնում երկու բան` ֆիզիկական և սոցիալ-տնտեսական գրավչությունը: Մյուս գործոնները, օրինակ՝ հումորի զգացողություն, բարեսրտություն, պակաս դեր են խաղում:
Ամերիկացի 667 զույգի շրջանում անցկացրած նրա հետազոտությունը ցույց է տվել, որ կանայք և տղամարդիկ նախընտրում են սլացիկ և հարուստ մարդկանց: Համակրելի արտաքին չունեցող տղամարդիկ կարող են դա փոխհատուցել փողով, իսկ կանայք՝ կրթվածությամբ: Այսպես՝ համակրելի զուգընկերուհի գտնելու համար մարմնի զանգվածի ինդեքսի 10% ավելացման դեպքում տղամարդը պետք է իր տարեկան եկամուտն ավելացնի 2%-ով:
«Ստացվում է, որ 180 սմ հասակ և 80 կգ քաշ և 100 հազար դոլար տարեկան եկամուտ ունեցող տղամարդը պետք է սկսի աշխատել 2000 դոլարով ավելի, եթե գիրանա 9 կգ-ով: Մյուս կողից եթե 170 սմ հասակ և 65 կգ քաշ ունեցող կինը գիրանա 3 կգ-ով, հմայիչ մնալու համար նա պետք է ևս մեկ տարի սովորի և որակավորում ստանա»,- մեկնաբանում է Չիապպորին:









































