Նոր Զելանդիայի ափերին լիբերիական Rena լցանավը բախվել է ստորջրյա ժայռի, որի հետևանքով վնասվել է 1700 տոննա ծավալով վառելիքի բաքը, և տեղի է ունեցել նավթի արտահոսք:
Ինչպես հաղորդում է BBC-ն, դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի. այդ ընթացքում օվկիանոս կարող է թափված լինել մինչև 100 տոննա նավթամթերք:
Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քեյը հայտարարել է, որ կատարվածի հետևանքով պետք է պատասխան տալ մի շարք «կարևոր հարցերի»: Նրա խոքով` իշխանությունների կողմից շրջանառվում է վթարի միանգամից երկու պատճառ:
«Մարդիկ իմացել են ստորջրյա ժայռի մասին և բախվել են դրան առանց ակնհայտ պատճառների` գիշերը հանդարտ ջրերում: Մենք պետք է հասկանանք` ինչո՞ւ»,- ասել է վարչապետը:
Բնապահպանները զգուշացնում են, որ հնարավոր է բնապահպանական աղետ. օվկիանոս թափված նավթի պատճառով այդ վայրում կարող են ոչնչանալ ջրային բույսերն ու կենդանիները:
Իշխանությունները կարգադրել են կազմել մի քանի փրկարարական խմբեր, որոնք ափը կմաքրեն նավթից:











































