Հայաստանի արդյունաբերողների և և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը համոզված է, որ ի դեմս «Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակ» նախագծի` մեր երկիրը կարող է զարկ տալ արտահանմանը միտված տնտեսությանը: Այս մասին նա ասաց այսօր` գործարար միջավայրին նախագիծը նրկայացնելու ժամանակ:
Նրա խոսքով, արտահանման ուժեղացման ծրագրերի մասին Հայաստանում խոսվում է տարիներ շարունակ, սակայն միայն այսօր է, որ այդ նպատակին ուղղված համապարփակ ռազմավարական ծրագիր է մշակվում: «Ծրագիրը ներառում է երեք փուլ` տասնչորս ճյուղային ապահովումներով: Երեք փուլերից յուրաքանչյուրում որոշվելու են հայաստանյան տնտեսության այն ուղղությունները, որոնց նկատմամբ պետական հոգածությունն ամենահրատապն է: Ըստ այդմ էլ `ընտրվելու են տնտեսության այս կամ այն ճյուղերը»,- նկատեց Արսեն Ղազարյանը:
Նա նաև ասաց, որ ծրագիրը կառավարություն դեռևս ներկայացված չէ, սակայն մինչև տարեվերջ, հավանաբար, կներկայացվի:
Անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին` ինչպե՞ս կգնահատի մյուս տարի մեր երկրի` 101 մլրդ դրամի հասնող հարկային բեռը` Հայաստանի արդյունաբերողների և և գործարարների միության նախագահը նկատեց, որ դա այնքան էլ մեծ գումար չէ, եթե իհարկե, հարկային բեռը հավասարաչափ բաշխվի, և ստվերը վերանա: «Միաժամանակ, պետք է անել ամեն ինչ` վերջ տալու համար օլիգոպոլիաներին և սատարել փոքր ու միջին բիզնեսին»,- շեշտեց Ղազարյանը:
Ամփոփելով` բանախոսն անդրադարձավ նաև Forbes հեղինակավոր ամսագրի` Հայաստանի մասին գնահատականներին` նկատելով, որ դրանք ցույց են տալիս, որ Հայաստանում տնտեսության ոլորտում բարեփոխումներն ակնհայտ են:









































