Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` Ցեղասպանության մասին հայտարարությունից հետո Թուրքիայում հակաֆրանսիական տրամադրությունները սրվել են, սակայն էական տարաձայնություններ երկու երկրների միջև դրա պատճառով դժվար թե ծագեն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նա, միաժամանակ, ֆանտաստիկայի ժանրից համարեց Ֆրանսիայի նախագահի այն հայտարարությունը, որ Թուրքիան մինչև տարեվերջ պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Նման հայտարարությունը հաճելի էր հայկական կողմին, սակայն ակնհայտ էր, որ Սարկոզին նման բան ասաց՝ նախընտրական շահերից ելնելով»,- նկատեց թուրքագետը` միաժամանակ հավելելով, որ Սարկոզիի հայտարարությունները դժվար թե վնասեն հայ-թուրքական արձանագրությունների հետագա ճակատագրին:
Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին` Մելքոնյանը նկատեց, որ այդ գործընթացում, իր կարծիքով, շահող կողմը Հայաստանն է:
Հիշեցնենք, որ Սարկոզին երկօրյա պետական այցով Հայաստան էր ժամանել հոկտեմբերի 6-ին: Տարածաշրջանային այցի ընթացքում նա եղել էր նաև Վրաստանում ու Ադրբեջանում:









































