«Առաջին լրատվականի» զրուցակիցն է թատերագետ Լևոն Մութաֆյանը:
– Պարոն Մութաֆյան, այսօր կարծես իրողություն է, որ հեռուստատեսությունն իր բոլոր արտահայտչամիջոցներով հաղթում է թատրոնին: Եվ եթե մի ժամանակ մարդիկ վստահ էին, որ արվեստը կգնահատվի, ապա հիմա կարծես համակերպվել են ստեղծված իրավիճակի հետ: Համամի՞տ եք:
– Իհարկե համաձայն չեմ, որ հեռուստատեսությունը հաղթում է թատրոնին, և` ոչ այն մեկնաբանությամբ, թե թատրոնն ավելի հզոր է, քան հեռուստատեսությունը: Առհասարակ հեռուստատեսությունը վերջին շրջանում հաղթում է բոլորին` թատրոն, համերգային սրահներ, կինոսրահներ և այլն, և սա բնական, օրինաչափ երևույթ է: Հեռուստատեսությունն ավելի ինտերակտիվ, ավելի օպերատիվ է, ձևավորում է կամերային որոշակի միջավայր և մթնոլորտ, դրանից զատ, ունի կոնֆորմիստական դրսևորում, այսինքն` մարդուն տանում է դեպի հարմարվողականություն: Թեև Եվրոպան, առհասարակ Արևմուտքն այսօր ժխտում է հեռուստատեսության գերակայությունը անձի, անհատի կյանքում, մինչդեռ թերզարգացած երկրներում հեռուստատեսությունը յուրատեսակ հաղթարշավ է սկսել, բայց ես խորապես համոզված եմ, որ սա էլ կանցնի: Բնականաբար, հեռուստացույց կոչվող արկղն իր տիրապետությունն է հաստատում մեզանում: Իսկ առհասարակ թատրոնի և իրականության միջև ձևավորված անջրպետը շատ ավելի խորը պատճառահետևանքային դրսևորումներ ունի, քան միայն հեռուստատեսության հետ մրցակցությունը: Բնականաբար, հեռուստատեսությունն այսօր թատրոնից խլել է մի կարևոր հատկանիշ` սյուժե, կենսագրություն պատմելու, զգացմունքային որոշակի գրգիռներ հաղորդելու մենաշնորհը` ի դեմս սերիալային կինոյի, իսկ հեռուստատեսությունը տպագիր մամուլից խլել է լրատվության օպերատիվությունը, կինոսրահներ գնալու հաճույքը, բավարարվածությունը, նաև հետաքրքրությունը: Բայց այստեղ, իհարկե, մեղքը ոչ այնքան պետք է բարդել հեռուստատեսության ագրեսիվ դրսևորումների վրա, որքան հիշատակածս ոլորտների (բացառությամբ տպագիր մամուլի) պասիվության: Հենց թատրոնի, կինոյի, համերգային դրսևորումների պասիվությունը ձևավորել են հեռուստատեսության արհեստական գերակայություն:
– Կարո՞ղ ենք ասել` այսօր այն, ինչ մատուցում է հեռուստատեսությունը, մեծագույն սպառնալիք է թատրոնի համար:
– Չէի ասի` մեծագույն սպառնալիք է թատրոնի համար, որովհետև, այնուհանդերձ, թատրոնն անմիջական ազդեցություն, կենդանի շփում ձևավորող արվեստ է: Դահլիճում նստած դու կամա-ակամա ներքաշվում ես թատերական գործողության մեջ, դառնում պասիվ դերակատար: Բնականաբար, կենդանի խաղի, խոսքի ազդեցությունը չափազանց մեծ է մարդու վրա, դրա համար թատրոնն այստեղ ինքն է թելադրում իր պահանջները, պայմանները, իսկ հեռուստատեսությունն ունի մեկ այլ կարևորագույն հատկանիշ, որը թեև չի ձևավորում հոգեբանական կոնտակտ, բայց հնարավորություն է տալիս առօրյա աշխատանքի, զբաղվածության մեջ աչքի պոչով հետևել դրան: «Ուրախությամբ» պետք է նշեմ, որ հատկապես վերջին շրջանում հեռուստատեսությունը պասիվացել է իր թեմատիկ ընդգրկումներով, հանրային կյանքի մեջ մխրճվելու իր սևեռումներով, իր գեղարվեստաարտահայտչական որակներով, ինչն էլ արդեն շատերին հասկացնում և համոզում է մի բան, որ, այնուամենայնիվ, պետք է գնալ թատրոն, համերգասրահ և այլն:
– Պարոն Մութաֆյան, իսկ թատրոնի պասիվությունը ինչո՞վ է, ըստ Ձեզ, պայմանավորված:
– Ես մշտապես այն համոզմունքին եմ, որ թատրոնը կյանքի խորհրդարանն է, այն իրականության խորհրդարանը, որի մեջ գործում է ազգային թատրոնը: Բայց թատրոնը կյանքի արտացոլումը չէ, այլ կյանքի նկատմամբ ձևավորված վերաբերմունքի գեղարվեստական, նաև գաղափարական և քաղաքական արտահայտությունը: Երբ թատրոնը հեռու է ժամանակի խնդիրներից, նա իսկապես դառնում է պասիվ: Սա էլ մի բարդ համակարգ է` դրամատուրգիա-դերասանական արվեստ-ռեժիսորական արվեստ, նրանց պասիվությունը, նրանց որոնումների, փորձարարության, համարձակության պակասը ձևավորում է «պասիվություն», «իներտություն» հասկացությունը: Ե.Չարենցն ասում էր. «Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակի շունչը դարձիր», թատրոնը և առհասարակ արվեստը չպետք է դառնա սոսկ փաստի արձանագրող, այլ ինքը պետք է հուշի գաղափարներ, մոտեցումներ, պետք է դառնա ե՛ւ գեղարվեստական, ե՛ւ քաղաքացիական կեցվածքի առաջնորդ, նաև թատրոնը պետք է հուշի կռահումներ, ենթատեքստեր, հնարավորություն պետք է տա ոչ թե հայելային անդրադարձումների (ինչը ես այնքան էլ չեմ ընդունում), այլ գեղարվեստական արտադրանքի միջոցով մտածեն իրականության վերափոխման, իրականության խորը ընկալման մասին: Այս գործառույթներն այսօր մեր ժամանակակից թատրոնը չի կատարում:
– Երբ մենք հայ դրամատուրգին ենք խոսեցնում, նա ասում է, որ ռեժիսորը չի փնտրում հայ ժամանակակից դրամատուրգիա, ռեժիսորներն էլ իրենց հերթին գտնում են, որ ժամանակակից դրամատուրգիան կաղում է: Դուք ի՞նչ կարծիքի եք:
– Ցավոք սրտի, երկուսն էլ ճիշտ են, ես գիտեմ դրամատուրգների մտահոգությունները, ինքս էլ մի քանի պիեսներ եմ գրել, նաև գիտեմ ռեժիսորների մոտեցումները, որքան ճիշտ են, այնքան` սխալ: Անպայմանորեն այսօր ձևավորվում է հայ դրամատուրգիա: Եթե ոչինչ չլինի, թերթենք Կարինե Խոդիկյանի խմբագրած «Դրամատուրգիա» հանդեսը, մենք կտեսնենք` կան դրամատուրգիական ուշագրավ դրսևորումներ, սևեռումներ: Չէի ասի` բոլոր տպագրված պիսները երևույթ են, և չէի ասի` մեր ժամանակակից դրամատուրգներից շատերը գնում են դեպի մոդեռն մտածողություն, մոդեռն արտահայտչաձևեր: Մեր դրամատուրգիայի դաշտում ձևավորվել են մի տեսակ թեմատիկ սխեմաներ, կարծես «գորկիական հատակի» վերածնունդն է, պոստսոցիալիստական ռեալիզմն է, ինչը բնականաբար այնքան էլ հետաքրքիր չէ: Նայում ենք հարևան Ռուսաստանի նոր դրամայի արտացոլումներին, տեսնում ենք, որ կրկնում ենք այն ամենը, ինչ կատարվում է Ռուսաստանում կամ Եվրոպայում: Այսօր արդեն խնդիր պետք է դրվի` ինչ միջոցներով կամ մեթոդներով փոխել, և նորից գալիս ենք գեղարվեստական որակի և արտահայտչաձևերի խնդիրներին և սկզբունքներին: Եվ իհարկե, լավ պիեսներ կան Կարինե Խոդիկյանի, Գուրգեն Խանջյանի, Պերճ Զեյթունցյանի, Հովհաննես Թեքգյոզյանի ստեղծագործություններում:
– Մեծ հաշվով, հայարտը հայ թատրոնում ներկայացված չէ, երրորդ, չորրորդ պլան է մղված…
– Այն, որ դրամատուրգները բողոքում են` ռեժիսորները պիես չեն կարդում, հիմնականում ճիշտ է: Այսօր գործող հայ ռեժիսորների 90 տոկոսը տառապում է մասնագիտական անգրագիտությամբ, սրան զուգահեռ կտրված են իրականությունից, գրական դրամատուրգիական շարժումներից: Հեշտ է դոփել նույն տեղում, փոքր-ինչ բացել դեպի հիշողություն տանող ճանապարհի պատուհանը և տեսնել` ինչ պիեսներ են եղել անցյալում, և դա վերցնել, քան աշխատել ժամանակակից հայ դրամատուրգի հետ: Ասեմ, որ սա մեծագույն խնդիր է և կարծրատիպ, որը մշակվել է հայ թատրոնում վաղուց ի վեր: Ես հիշում եմ` 70-80-ական թթ. ասում էինք, որ չունենք հայ դրամատուրգիա, ինչը բեմադրենք: Բայց ժամանակի մեջ ծնվեցին գործեր, որոնք ապացուցեցին, որ չէ, մենք, այնուամենայնիվ, դրամատուրգիա ունենք: Այն հանգամանքը, որ 2010-ին մեզ մոտ դրամատուրգիական փառատոն տեղի ունեցավ, և Կարինե Խոդիկյանը ստացավ երրորդ մրցանակը` բավական լուրջ մրցակցության մեջ, արդեն խոսում է այն մասին, որ մենք ունենք դրամատուրգիա: Մենք ունենք սփյուռքահայ ինքնատիպ դրամատուրգիա` ի դեմս Արման Վարդանյանի և Արա Արծրունու: Այսինքն` ռեժիսորների, բեմադրիչների գերաշռող մեծամասնությունը նոր ձևերի, նոր որոնումների ճանապարհով չի ընթանում: Այսօր թատրոնը հետ է մնում իրականությունից, գեղարվեստական այն շարժումներից, որոնք ե՛ւ Եվրոպայում, ե՛ւ Միացյալ Նահանգներում արդեն դառնում են գերակա: Մի ուրիշ խնդիր էլ կա. առհասարակ ժամանակակից դրամատուրգիան ծնվում է թատրոնում, դրամատուրգը գրեց պիեսը, բայց այդ պիեսը թատրոնում նոր կյանք է ստանում: Այսինքն` դրամատուրգ-բեմադրիչ փոխհարաբերությունը պետք է ձևավորվի համատեղ աշխատանքի արդյունքում: Մենք ունենք դրա լավագույն օրինակը` Երևանի դրամատիկական թատրոնը: Ես պիես եմ գրել` «Ձուկն առանց ջրի» (պրեմիերան շուտով կլինի Դրամատիկական թատրոնի բեմում), վերջերս բեմադրիչ Արմեն Խանդիկյանը տվեց իմ պիեսի 15-րդ տարբերակը, այսինքն` մենք այդքան համատեղ աշխատել ենք: Պիեսը նյութականացել, կենդանի շնչառություն է ձեռք բերել բեմադրիչ-դրամատուրգ փոխհարաբերության մեջ: Մեզանում վախենում են նաև դրանից, գլուխ չեն դնում, սա նույնպես գալիս է մասնագիտական դիլետանտիզմից:
– Ի վերջո, թատրոնը հարուստ երկրի ճոխություն է: Գուցե մենք կարողանում ենք անել այնքան, ինչքան կարողանո՞ւմ ենք:
– Այո, թատրոնը շռայլություն, փող, մեծ ներդրումներ է պահանջում, և յուրաքանչյուր ներդրում անպայմանորեն իր հետ կբերի փոխհատուցում: Մեզանում մշակույթը, այդ թվում և` թատրոնը, չի դիտարկվում իր մենեջմենթի դրսևորումների, իր ֆինանսական հոսքեր բերելու հնարավորության դիրքերից: Երբ մենք խոսում ենք անտրեպրիզային ներկայացումների մասին, մեր պետական չինովնիկներից ոմանք ոգեշնչված ասում են, որ թատրոնի ապագան անտրեպրիզային է: Իհարկե, սա կոմերցիոն երևույթ է, բայց ես որքան կողմ եմ անտրեպրիզային թատրոնի գոյությանը, այդքան էլ ունեմ որոշակի ներքին դիմադրություն: Բայց մենք խաղացանկային թատրոնում կարող ենք կիրառել նման մեթոդներ` ինքնաֆինանսավորում, նաև ներգրավել, այսպես կոչված, ներդրողների: Այստեղ պետական քաղաքականություն, պետական ծրագիր է: Մի օրինակ բերեմ` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երկու տարում բեմադրվեց երկու մոնումենտալ ներկայացում` «Սպարտակ» բալետը և «Աիդա» օպերան: 60-ականների բեմադրությունը փոխառվեց երևանյան բեմ, կամ Մարիո Կորադիի «Աիդա» բեմադրությունը մեռած, անշունչ թատրոն է հիշեցնում, բայց յուրաքանչյուրի վրա մեկ միլիոն դոլարից ավել ծախսվեց: Սա սնապարծություն է, փառամոլություն, այդ մեկ միլիոն դոլարը կարելի էր բաժանել չորս օպերայի վրա և նաև ակնկալել դրա նյութական փոխհատուցում: Նույնը տեղի է ունենում կինեմատոգրաֆում և դրամատիկական արվեստում: Սա պետական քաղաքականության բացակայություն է: Այսօր ՀՀ-ում ոչ միայն թատրոնի մասին օրենք չկա, միտում ունեն թատրոններին դուրս մղել իրավական դաշտից, և մի օր գալ այն գաղափարին, որ դե, խաղացանկային թատրոններ մեզ պետք չեն, անցեք ինքնաֆինանսավորման, սա պետական քաղաքականություն է, որը, ի դեպ, ներդրվել է 2000-ակաների սկզբներին, երբ ուզում էին փակել մի շարք թատրոններ` թողնելով 4-5 խաղացանկային թատրոն: Սա պետական քաղաքականության բացակայությունն է, որ դարձել է քաղաքականություն:







































