«Սիրիացի զինվորի կողմից քուրդ ըննդիմադիր առաջնորդի` Մաշալ Ալ Թամոյի սպանությունից հետո քուրդ ակտիվիստները Սիրիայի իշխանություններին «ինթիֆադա» են հայտարարել, այսինքն՝ զինված դիմադրություն: Սպանությունը տեղի էր ունեցել Ղամշլիում` Սիրիայի հյուսիս-արևելքում»,- հայտնում է Լոնդոնում արաբերենով լույս տեսնող «Շարկ ալ Աուսատ» թերթը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը երկրի անվտանգության ուժերը կրակ էին բացել Մաշալ Ալ Թամոյի հուղարկավորությանը մասնակցող հազարավոր քրդերի վրա: Սպանվել էր առնվազն 4 մարդ: Մեծ Բրիտանիայում գտնվող Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնը նշում է, որ հուղարկավորությանը մասնակցել է 50.000 մարդ:
Անվտանգության ուժերը կրակ էին բացել նաև ուրբաթ օրը Դումայում` Դամասկոսի արվարձաններից մեկում տեղի ունեցող մեկ այլ հուղարկավորության ժամանակ: Այնտեղ սպանվել էր մեկ մարդ, վիրավորվել էր՝ տասը:
Բացի այդ, ութ մարդ զոհվել էր հակաիշխանական ցույցի ժամանակ, որը սկսվել էր ուրբաթօրյա աղոթքից հետո:
Քուրդ ակտիվիստներից մեկը հնարավոր է համարում, որ այս դեպքերը կարող են քրդերին ստիպել, որ զենք վերցնեն և դուրս գան իշխող վարչակարգի դեմ, ինչը կարող է երկրում հանգեցնել քաղաքացիական պատերազմի: Ֆարեսալ Ալ Թամոն` Մաշալի որդին, ով գտնվում է Իրաքի հյուսիսում` Էրբիլում, «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը հայտնել է, որ քրդերը վրդովված են հոր սպանությունից և դրանում մեղադրում են Սիրիայի իշխանություններին:
Դամասկոսի ակտիվիստները հաղորդում են, որ երկրի իշխանությունը մայրաքաղաքի քրդաբնակ վայրերում ուժեղացրել է անվտանգության միջոցառումները: Քրդերը կազմում են Սիրիայի 20 միլիոնանոց բնակչության մոտ 10 տոկոսը և որոշ չափով մասնակցում են հակաիշխանական ցույցերին:
Էթնիկ քրդերը դեռևս 2004 թվականին մեծ ցույցեր էին կազմակերպում Ասադի վարչակարգի դեմ. նրանց արգելված էր դպրոցներում դասավանդել քրդերեն կամ ունենալ քրդական ռադիո:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին սկսված հակաիշխանական ցույցերի ընթացքում Բաշար Ասադը փորձեց հանդարտեցնել քրդերին` նրանցից տասնյակ հազարավորներին շնորհելով քաղաքացիություն: Սակայն երկրում այլևս ոչ ոք չի հավատում Ասադի կեղծ բարեփոխումներին:









































