Հայաստանում կա մի դիլեմա, կա հանրային-քաղաքական ինչ-որ աղմուկ, որ մեզ պետք է հանդուրժողություն, որ անհանդուրժողությունը կործանարար է, սակայն այդ դիլեմա-բանավեճի կողմերը հայտնի չեն, քանի որ բոլորն են խոսում ավելի հանդուրժող լինելու անհրաժեշտության մասին: Այդ դեպքում հարց է առաջանում, իսկ ո՞վ է անհանդուրժողը:
Հանդուրժողությունն, իհարկե, լավ բան է: Քրիստոնյաների համար դա նույնիսկ կարևոր և անհրաժեշտ հատկություն է: Իսկ հայերը պաշտոնական տվյալներով քրիստոնյա են: Բայց արդյո՞ք այդ լավ բանը շատանում է, երբ շատանում են դրա մասին խոսողները: Իհարկե` ոչ: Չի շատանում, որովհետև հանդուրժողությունը ուղիղ համեմատական է երկրում օրինականության մակարդակին: Հանդուրժողություն կա այն երկրներում, որտեղ գործում է օրենքը:
Հակառակ պարագայում, անհանդուրժողությունը կարող է քնած լինել` ստեղծելով հանդուրժողության առկայության տպավորություն, բայց միանգամից արթնանում է, երբ, ասենք, կենտրոնական հրապարակում ցած են գլորում Սադամ Հուսեյնի արձանը: Դրանից հետո սկսում է տոտալ թալանը, ավերածությունները, անհանդուրժողությունը: Դա գալիս է նրանից, որ երկրում բացակայել է օրենքը, բացակայել է օրինականության մշակույթը:
Հայաստանում էլ անհանդուրժողությունն ընդամենը օրենքի բացակայությունից է: Հետևաբար, պետք է ոչ թե խոսել հանդուրժող կամ անհանդուրժող լինելու, այլ օրինականության և ապօրինության մասին: Ոչ միշտ է, որ հանդուրժողությունն ու օրինապաշտությունը, կամ անհանդուրժողությունն ու անօրինականությունը հոմանիշներ են: Քաղաքացին շատ հաճախ անհանդուրժող է դառնում այն պատճառով, որ օրենքը հանդուրժում է ինչ-որ մարդկանց կամ խմբերի առավելությունը մյուսների հանդեպ, այն պարագայում, երբ այդ առավելությունը հիմնված է լինում ընդամենը ֆիզիկական ուժի և նյութական հարստության վրա:
Կամ` իշխանությունը չի հանդուրժում այն օրենքը, որը երկրում ազատ գործունեության հնարավորություն է տալիս ընդդիմությանը: Իշխանությունը ամեն կերպ փակում է ընդդիմության գործունեության հնարավոր բոլոր ճանապարհները, երբ զգում է, որ ընդդիմությունը կարող է և հասնել օրինական իշխանափոխության: Այսինքն` իշխանությունը խախտում է օրենքը, առավոտյան հարձակվում է խաղաղ ցուցարարների վրա, բանակը ներգրավում է ընդդիմության հետ հարաբերություն պարզելու գործընթացին:
Եթե ընդդիմությունն ու քաղաքացիները չեն հանդուրժում այդօրինակ իշխանությանը, արդյո՞ք նրանց արձագանքը համարժեք չէ: Այսինքն` ամեն ինչ կրկին գալիս է օրինականությունից կամ ավելի շուտ դրա բացակայությունից: Իսկ օրենքի առկայության համար երկրի թիվ մեկ և միակ պատասխանատուն իշխանությունն է: Հետևաբար, պետք է դրվի ոչ թե հանդուրժել-չհանդուրժելու, այլ օրինականության հարցը, որը շատ ավելի կոնկրետ և հստակ հարց է ու պահանջում է հստակ պատասխաններ, ոչ թե փիլիսոփայական զեղումներ:









































