Եկամուտների և գույքի հայտարարագրումը, թերևս, եթե ոչ թիվ 1, ապա թիվ 2 հիմնախնդիր է մեր երկրի զարգացման տեսանկյունից: Թիվ 1-ն, այնուամենայնիվ, տնտեսության մոնոպոլիզացիան է: Չնայած, ըստ օրենքի, պատգամավորներն ու նախարարներն իրավունք չունեն զբաղվելու բիզնեսով, սակայն գրեթե չկա նման մի պաշտոնյա, որ չխախտի այդ օրենքը:
Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի պրոռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանն «Առաջին լրատվականի» հետ զրույցում բարձրաստիճան 500 պաշտոնյաների կողմից գույքի և եկամուտների հրապարակային հայտարարագրերի ներկայացման ծրագիրը որակեց որպես «կոսմետիկ քայլ»:
Ըստ նրա՝ պետք է արմատապես փոխվի ամբողջ համակարգը, և վաղուց պարտավոր ենք անցնել բնակչության գույքի ու եկամուտների համընդհանուր հայտարարագրման սկզբունքի, որպեսզի ամբողջ բնակչությունը, ոչ թե առանձին պաշտոնյաներ, ներկայացնեն հայտարարագրեր, իսկ պաշտոնյաների համար, որպես անցումային փուլ, պետք է լինի եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման ինստիտուտ. «Ժամանակավորապես, մի քանի տարով կարելի է նույնիսկ նման բան ներդնել: Դա շատ կոշտ, խիստ գործիք է, բայց նման երկրների համար՝ շատ արդյունավետ: Եվ դա պետք է լինի հարկային քաղաքականության ու իրավական դաշտի խնդիր, բայց՝ ոչ էթիկայի»:
Է.Սանդոյանը կասկած հայտնեց, որ նման ինստիտուտները կարող են արդյունավետ լինել: Նրա խոսքով՝ դա պետք է լինի ֆունդամենտալ հարկային քաղաքականության ինստիտուտ:
«Այդ ճղճիմ բաները մասնակի լուծումներ են՝ կոսմետիկ բնույթի: Ցավոք սրտի, և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում տարիներ շարունակ այդ մասին խոսում են, քայլ չի արվում,- հասկանալի պատճառներով,- դա հեղափոխական ինստիտուտ է: Եթե մենք կարողանանք այդ ինստիտուտը երբևէ ներդնել, անմիջապես 1-2 տարում կհայտնվենք որակապես այլ երկրում»,- ասաց Է.Սանդոյանը:
Համընդհանուր հայտարարագրման սկզբունքը պահանջում է հարկային համակարգի լրջագույն բարեփոխումներ, հարկերի մասին օրենքի նորմերի վերանայում՝ հարկային մարմիններին լիարժեք իրավապահ գործառույթ տրամադրելու, անուղղակի մեթոդներով հարկային վճարման ենթակա հարկերի չափի որոշման, հետազոտությունների և այլ նպատակով: Սակայն այս պահին նման գործիքներ չունենք:
Ըստ Է.Սանդոյանի՝ դրանք շատ սուբյեկտիվ կարող են լինել և նույնիսկ առնչվել մարդու իրավունքների խնդիրներին: Դրա համար դա պետք է լինի համընդհանուր հայտարարագրման այն ինստիտուտը, որը հայտնի է աշխարհի զարգացած երկրներում՝ ԱՄՆ-ում, Եվրամիությունում:
«Մեզ մոտ համատարած պատգամավորները բիզնեսով են զբաղվում, ինչքան էլ որ իմիտացիոն ձևերով քողարկում են այդ փաստը, բայց դե, գիտենք, տեսնում ենք, փոքր երկիր ենք»,- նշեց Է.Սանդոյանը:








































