Ուզբեկստանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով պատրաստ է միանալ Գազայի հատվածի կառավարմամբ զբաղվող Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ։ Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է նախագահ Շավքաթ Միրզիյոևի մամուլի քարտուղար Շերզոդ Ասադովը։
«Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը պաշտոնական հրավեր է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից՝ միանալու Մերձավոր Արևելքում խաղաղության ամրապնդման և հակամարտությունների լուծման միջազգային նախաձեռնությանը», – նշված է հաղորդագրության մեջ։
Ասադովի խոսքով՝ նամակում նշվում է, որ այս նախաձեռնությունը հիմնված է Գազայում հակամարտության դադարեցման համապարփակ ծրագրի վրա, որը հայտարարվել է 2025 թվականի սեպտեմբերի 29-ին և արժանացել համաշխարհային առաջնորդների աջակցությանը, ինչպես նաև հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2025 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 2803 բանաձևով։
«Նախաձեռնության հիմնական նպատակն է ստեղծել նոր միջազգային կառույց՝ Խաղաղության խորհուրդ, որը նպատակ ունի միավորել այն պետություններին, որոնք պատրաստ են պատասխանատվություն կրել երկարաժամկետ խաղաղության, կայունության և անվտանգության կառուցման համար։ Ուզբեկստանի Հանրապետությունը հրավիրվել է միանալու Խաղաղության խորհրդին՝ որպես հիմնադիր պետություն։ Մեր պետության ղեկավարը պատասխան նամակ է ուղարկել իր ամերիկացի գործընկերոջը՝ արտահայտելով Ուզբեկստանի պատրաստակամությունը՝ միանալու Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ», – գրել է մամուլի խոսնակը։
Նաև նշվում է, որ այս նախաձեռնությունը դիտվում է որպես կարևոր քայլ Մերձավոր Արևելքում երկարատև հակամարտությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ։





































