Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ մեկտեղ, Թբիլիսիի «Ազատության» հրապարակում ելույթ է ունեցել տասնյակ հազարավոր անձանց առջև։
Իր ելույթում Սաակաշվիլին նշել է. «2008 թվականին Վրաստանը վերապրեց իր ամենածանր ժամանակաշրջաններից մեկը։ Այսօր Վրաստանն օկուպացված է, և հազարավոր անձինք նորից փախստականներ են, քանի որ ինչ-որ մեկը վճռել է, որ նրանց սեփական հողը չի պատկանում նրանց։
2008 թվականի օգոստոսին ռուսական տանկերը չկարողացան մտնել «Ազատության» հրապարակ՝ միայն այն պատճառով, որ Վրաստանը վայելում էր միջազգային, այդ թվում՝ նաև ֆրանսիական շատ մեծ աջակցություն։ Մենք շնորհակալ ենք Սարկոզիին՝ 2008 թվականի օգոստոսին նրա ներդրման համար։
Վրաց ազգը գլուխը բարձր դիրքով է կանգնած, ոչ ոք չի կարող խոնարհել այն։ Մենք բոլորս վրացիներ ենք, հետևաբար մենք եվրոպացիներ ենք։ Մենք ընտրում ենք եվրոպական ժողովրդավարությունը, մեր նպատակը Եվրոպային ինտեգրվելն է»։









































