Օրերս ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հրապարակել էր «Նոր ինտեգրացիոն նախագիծ Եվրասիայի համար. ապագա, որը ծնվում է այսօր» հոդվածը, որում առաջարկում էր ԱՊՀ երկրների հետ համագործակցության նոր ճարտարապետություն ստեղծել, մասնավորապես նա մտադիր է առավելագույն ջանքեր գործադրել Եվրասիական միության նախագիծը կյանքի կոչելու ուղղությամբ, և, ինչպես ասել էր Պուտինի մամլո խոսնակը, այդ նպատակը լինելու է Պուտինի առաջիկա վեց տարվա գործունեության առաջնահերթությունը:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում, անդրադառնալով նման միության ստեղծման հարցին, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ասաց. «Այդ առաջարկը հիմնականում կապված է Պուտինի հերթական անգամ նախագահ դառնալու փաստի հետ: Դա ուղղված է ոչ թե նախկին հետխորհրդային երկրների բնակչությանն ու ղեկավարներին, այլ առաջին հերթին հենց Ռուսաստանի հասարակությանը»:
Ըստ քաղաքագետի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի բնակչության մի մասը որոշակի նոստալգիա ունի ԽՍՀՄ տարիների նկատմամբ, Խորհրդային Միությանը նման այդ կառույցի ձևավորումը ռուսաստանցիների մի մասի համար բավականին հաճելի կլինի:
«Բայց չեմ կարծում, որ հետխորհրդային երկրների համար Պուտինի առաջարկը ցանկալի է, նման կառույց ստեղծելու տնտեսական և քաղաքական նախադրյալներ ևս չկան, և այդ մասին ակնհայտորեն վկայում է ԱՊՀ ճակատագիրը, իսկ այն երկրները, որոնք փորձում են ինչ-որ կապեր հաստատել հետխորհրդային տարածքի մյուս երկրների հետ՝ արդեն ունեն այդ ֆորմատը, դա ՀԱՊԿ-ն է ու Եվրասիական տնտեսական ընկերակցությունը»:









































