Սիրիայի հյուսիս-արևելքում այսօր սպանվել է քուրդ ակտիվիստ Մաշալ Թամոն: Ինչպես հայտնում են Սիրիայի իրավապաշտպանները, նրան սպանել են Ղամշլիում գտնվող իր տուն ներխուժած անհայտ անձինք: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Հարձակման ժամանակ վնասվածքներ է ստացել նաև Թամոյի որդին:
Հայտնի չէ, թե ով է կանգնած քուրդ ակտիվիստի մահվան հետևում: Նա բազմաթիվ անգամներ հանդես է եկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի քննադատությամբ, հակասություններ է ունեցել նաև տեղի քուրդ առաջնորդների հետ:
Հիշեցնենք, որ դարձյալ այսօր Սիրիայի անվտանգության ուժերը երկրի այլ վայրերում կրակ են բացել ցուցարարների վրա, որի արդյունքում 8 մարդ մահացել է, տասնյակները՝ վիրավորվել:









































