«Պուտինը նման միտք է գցել, որ հնարավորություն ունենա անդամակցել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը և այդ կերպ քաղաքական հայտ է ներկայացրել»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում անդրադառնալով Պուտինի առաջարկին՝ ստեղծել Եվրասիական միություն, կարծիք հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը:
Նա նկատեց, որ ԱՀԿ-ին անդամակցելը Ռուսաստանի համար էական հարց է, և հենց Վրաստանն է, որ խոչընդոտում է այդ անդամակցմանը: Սարգսյանը նշեց, որ իզուր չէ, որ հենց Վրաստանի նախագահն է Պուտինի առաջարկին նման կերպ արձագանքել:
Նկատենք, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «ամենավայրի գաղափար» է անվանել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը Եվրասիական միության մասին և նկատել, որ սա ԽՍՀՄ-ը վերականգնելու փորձ է:
ՌԱՀՀԿ ղեկավարը նշեց, որ թեև Պուտինը որոշակի նպատակ հետապնդելով է առաջարկել ստեղծել Եվրասիական միություն, սակայն դրա ստեղծումը իրատեսական չէ:









































