Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Հարավային Կովկասի, Ուկրաինայի, Մոլդովայի և Բելառուսի («Արևելյան գործընկերության» երկրների) հարցերով ստորաբաժանման ղեկավար Ջոն Կյաերն ադրբեջանցի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նրանց իրազեկել է Վարշավայում անցկացված «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի հետ վարած բանակցությունների մասին։
Կյաերը նշել է, որ առաջիկա շաբաթներին մեկնարկելու են ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև գործող անցագրային ռեժիմի մեղմացմանն ուղղված բանակցությունները. «Բացի այդ, ակնկալվում է, որ շուտով բանակցություններ են սկսվելու Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև՝ ԵՄ-ի աջակցությունը վայելող «Անդրկասպյան» գազամուղի նախագծի իրագործման իրավական բազայի շուրջ»։
Խոսելով եվրոպական շուկային Ադրբեջանի ինտեգրվելու պլանների մասին՝ Կյաերն անհրաժեշտ է համարել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցելը՝ ընդգծելով, որ ԵՄ-ը աջակցում է պաշտոնական Բաքվին տնտեսության դիվերսիֆիկացման հարցում։