Շաքարախտի բուժման բանալին գտնվում է մարդու ուղեղում: Գիտնականներն առաջարկում են քթից հանված նյարդային ցողունային բջիջները վերածել ենթաստամոքսային գեղձի բջիջների: Դրանք կարող են ինսուլին արտադրել և բուժել շաքարախտը: Այս մասին գրում է New Scientist-ը:
Հայտնի է, որ բետա բջիջներն ինսուլին են արտադրում, որոնք կարգավորում են արյան մեջ գլյուկոզայի քանակը: Առաջին տիպի շաքարախտի դեպքում այդ բջիջները քայքայվում են իմունային համակարգի կողմից, իսկ երկրորդ տիպի դեպքում` պարզապես անհրաժեշտ քանակությամբ ինսուլին չեն արտադրում: Ճապոնիայի առաջատար արդյունաբերական գիտության և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի մասնագետ Տոմոկո Կուվաբարան բջջի այդ դեֆեկտները վերացնելու համար առաջարկում է օգտվել ուղեղի բջիջներից:
Այս տեխնոլոգիան արդեն փորձարկվել է առնետների վրա: Գիտնականները բջիջներ են վերցրել հոտառական սոխուկից կամ հիպոկամպից, որը պատասխանատու է հիշողության համար և բազմացրել են երկու շաբաթվա ընթացքում: Այնուհետև դրանք ներարկվել են ենթաստամոքսային գեղձի մեջ: Մեկ շաբաթ հետո առնետների մոտ, որոնք խնդիր են ունեցել շաքարախտի հետ, արյան մեջ ինսուլինի պարունակությունը կարգավորվել է:








































