«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, Հայաստանի ֆինանսների նախարարության կողմից «Նաիրիտ Գործարանում» իրականացված աուդիտի ժամանակ լուրջ խախտումներ են բացահայտվել:
Հիշեցնենք, որ «Նաիրիտը» կառավարելու համար այս տարվա մայիսին օպերատորի մրցույթ էր հայտարարվել: «Որպեսզի նաև օպերատորը հստակ պատկերացում ունենա ֆինանսական վիճակի վերաբերյալ, Ֆինանսների նախարարության աուդիտին և պետական եկամուտների կոմիտեին հանձնարարվել է, որպեսզի «Նաիրիտում» իրականացնեն ստուգումներ և ամբողջական պատկերը նույնպես ունենանք»,- հայտարարել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 2-ին` կառավարության նիստում:
Հայտնաբերված խախտումներից մեկը կապված է պարսկական մի կազմակերպության հետ, որը 2009թ. հաղթել է «Նաիրիտի» դեմ 4.5 մլրդ դրամի պահանջի վերաբերյալ դատը: Ֆիննախի աուդիտը պարզել է, որ «Նաիրիտի» ղեկավարությունը դիտմամբ է պարտվել բավականին անհիմն պահանջ ներկայացրած պարսկական այդ կազմակերպությանը` նույնիսկ չբողոքարկելով դատարանի վճիռը: Այս դատի «սարքված» լինելու վերաբերյալ մամուլում այն ժամանակ եղած հրապարակումներից հետո պարսկական այդ անհայտ կազմակերպությունը չի պահանջել իր 4.5 մլրդ դրամը «Նաիրիտից»: Սակայն այդ 4.5 մլրդ դրամը մինչ այս պահը որպես պարտք «նստած» է «Նաիրիտի» վրա:
Մյուս խախտումը կապված է «Նաիրիտի» նախկին գործադիր տնօրեն, այժմ գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Վահան Մելքոնյանին պատկանող «Մեգատեքս գրուպ» ընկերության հետ: Լինելով «Նաիրիտի» գործադիր տնօրենը` Վահան Մելքոնյանը «Նաիրիտի» համար պարբերաբար կահույք է գնել իր սեփականությունը հանդիսացող «Մեգատեքսից»: Բայց խախտումը կապված է 2009 թվականին «Նաիրիտի» կողմից «Մեգատեքսի» բաժնետոմսերը շատ թանկ` 12 մլն դոլարով ձեռք բերելու հետ: Այսպես` Վահան Մելքոնյանը «Մեգատեքսը» գրավ է դնում ԱՊՀ Միջպետական բանկում, չի վճարում վերցված վարկի դիմաց, արդյունքում «Մեգատեքսն» անցնում է ԱՊՀ Միջպետական բանկին: Բայց որոշ ժամանակ անց «Նաիրիտը», չգիտես ինչու, 12 մլն դոլարով գնում է կահույք արտադրող «Մեգատեքսը» ԱՊՀ Միջպետական բանկից ու կարճ ժամանակ անց 2 մլն դոլարով վաճառում մեկ այլ կազմակերպության: Այսինքն` միայն այս գործարքից «Նաիրիտի» պարտքն ավելանում է 10 մլն դոլարով:
Այս երկու բավականին լուրջ խախտումները թեև արձանագրվել են Ֆինանսների նախարարության կողմից, սակայն չեն հրապարակայնացվել և գործերը չեն ուղարկվել դատարան: Կառավարությունն այժմ փորձում է կոծկել այս խախտումները: Այսպես, «Նաիրիտի» մի բաժնետեր (խոսքը հիմնական բաժնետիրոջ` «Ռայնովիլի» մասին չէ) հանկարծ որոշել է վերջերս բողոքարկել «Նաիրիտի» դեմ կայացրած 4.5 մլրդ դրամի վճիռը` նաև այն հիմնավորմամբ, որ իրեն չեն ներգրավել դատական գործընթացին որպես պատասխանող: Սա ևս բավականին տարօրինակ հայց է, որովհետև սովորաբար դատական գործընթացին բաժնետերերը չեն կարող հանդես գալ ընկերության անունից որպես առանձին կողմ` հայցվոր կամ պատասխանող: Այդպիսիք հանդես են գալիս կոնկրետ ընկերությունները` ի դեմս գործադիր տնօրենների: Ինչևէ, սրա նպատակն այն է, որ ցույց տրվի, թե իբր 4.5 մլրդ դրամի վերաբերյալ 2009-ին կայացված վճիռը բողոքարկվել է: Սա արդարացում կհանդիսանա նրա համար, որ ֆիննախի բացահայտած խախտման հիման վրա քրեական գործ չհարուցվի:
Ինչ վերաբերում է «Մեգատեքսի» հետ կապված գործարքից «Նաիրիտի» վրա դուրս գրած անհիմն պարտքին, ապա ինչպես այդ պարտքը, այնպես էլ «Նաիրիտի» ողջ պարտքը կառավարությունը և «Նաիրիտի» ղեկավարությունը փորձում են դուրս գրել մեր պետության հաշվին: Այսպես, տեսնելով, որ «ԵվրԱզԷՍ»-ը այդպես էլ չի ֆինանսավորում «Նաիրիտի» զարգացման նոր ծրագիրը, այժմ էլ մոգոնվել է Հայաստանի նավթաքիմիան զարգացնելու վերաբերյալ մի ծրագիր: Դրա համար Հայաստանի երաշխավորությամբ փորձ է արվում «ԵվրԱզԷՍ»-ից 500 մլն դոլար վարկ վերցնել: Այդ վարկի հիմնական մասով, մեր տեղեկություններով, փորձ է արվելու մարել «Նաիրիտի» պարտքը Միջպետական բանկին ու այլ ընկերություններին: Դա, իհարկե, ուղղակի ու բացահայտ չի կարող արվել, սակայն պետության երաշխավորությամբ վերցված վարկը, ի վերջո, մարելու է պետությունը, եթե մասնավորները չկարողանան այն մարել: Իսկ որ «Նաիրիտն» այս իշխանությունների ու այս կառավարիչների ձեռքում չի կարող իր ծախսերը ծածկել ու շահույթով աշխատել` կասկածից վեր է:
Հ.Գ. Հուլիսի 1-ին հայտարարվեց, թե «Նաիրիտի» կառավարման օպերատորի համար հայտ է ներկայացրել միայն մեկ` գերմանական CAC ընկերությունը: Անցել է արդեն ավելի քան 3 ամիս, սակայն Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ո՛չ CAC-ին օպերատոր է հայտարարում, ո՛չ էլ խոստովանում է, որ այդ կազմակերպությունը իր օպերատորությունը կապել է «ԵվրԱզԷՍ»-ից վարկ «կպցնելու» հետ:










































