Բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատար Ռադկո Մլադիչը, ում դատաքննությունն անցնում է Հաագայի միջազգային քրեական դատարանում, բողոքել է իր առողջական վիճակից, խնդրել, որպեսզի իրեն զննեն սերբ բժիշկները: Ինչպես հետո պարզվել է, դատարան գալուց առաջ Մլադիչն ի վիճակի չի եղել ինքնուրույն հագնվել և ստիպված դիմել է «Սհիվենինգեն» բանտի աշխատողների օգնությանը:
Հայտնվելով դահլիճում՝ գեներալը բազմիցս ուշադրություն է հրավիրել իր ֆիզիկական վիճակին: «Ես ահավոր ցավ եմ զգում և խնդրում եմ, որպեսզի ինձ զննեն բժիշկներ Սերբիայից, որոնք 1996 թ. ախտորոշել էին, որ երիկամներումս քարեր կան»,- ասել է Մլադիչը:
РИА Новости-ի հաղորդմամբ՝ նախկին հրամանատարը հերքել է լրագրողների տարածած այն լուրը, թե իբր ինքը 1995 թ. Սրեբրինիցա քաղաքի երեխաներին կոնֆետներ է բաժանել, իսկ հետո հրամայել նրանց սպանել:
Հիշեցնենք, որ Ռադկո Մլադիչը 1992-1995 թթ. պատերազմի ընթացքում եղել է Բոսնիայի և Հերցոգովինայի սերբերի հրամանատարը: Սերբիայի իշխանությունները 69-ամյա գեներալին ձերբակալել են մայիսի 26-ին և հանձնել նրան Հաագայի դատարան:









































