«Մուամար Քադաֆիին հավատարիմ զորքերը անիմաստ պայքար են մղում»,- հինգշաբթի օրը Բրյուսելում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի կողմից Լիբիայում ծավալված ռազմական գործողությունները կարող են շուտով ավարտվել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ին:
Ռասմուսենը հայտարարել է նաև, որ ռազմական գործողություններն ավարտելը կախված է նրանից, թե ինչքան շուտ կհաջողվի ապահովել Լիբիայի բնակչության անվտանգությունը: Ինչպես նաև դրան պետք է նպաստեն քաղաքական և ռազմական պայմանները:
Մինչ այդ ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրները պայմանավորվել էին շարունակել ռազմական գործողությունները Լիբիայում ևս երեք ամիս` մինչև 2011թ. դեկտեմբերի վերջը: Գործողությունների ընթացքում Հյուսիսատլանտյան դաշինքի ավիացիոն ուժերը հարվածում են Քադաֆիի զորքերին, իսկ ռազմածովային ուժերն ապահովում են ՄԱԿ-ի կողմից սահմանված էմբարգոյի կիրառումը, որն արգելում է Լիբիային զենք տրամադրելը:
Հիշեցնենք, որ մասսայական ցույցերը, որոնց ընթացքում ժողովուրդը պահանջում էր Քադաֆիի հրաժարականը, սկսվել էին այս տարվա փետրվարին: Այս ցույցերը վերածվեցին զիված բախման՝ ընդդիմության և իշխանության կողմնակիցների միջև:Այնուհետև ընդդիմադիրները ստեղծեցին Ազգային անցումային խորհուրդ, որին արդեն ճանաչել է համարյա 60 երկիր:








































