«Իրապես տխուր ժամանակ է: Սթիվ Ջոբսը շատ տարիներ եղել է մեր գործընկերը, ամեն մարդ գիտե, թե ինքը ինչ հաջողություններ է ունեցել»,- այսօր լրագրողների խնդրանքով Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մահվան կապակցությամբ ասաց «Իմպեվա Լեբզի» և «Վիասֆեր Ինթերնեյշնլ» վենչուրային ընկերության նախագահ Թոնի Մորոյանը:
Ամերիկահայ հայտնի գործարարը Ջոբսին բնորոշեց որպես «հեռուն տեսնող մարդ», «շատ սուր միտք ունեցող», ով միշտ փորձել է այլ կերպ մտածել և ոչ ստանդարտ լուծումներ գտնել: Թ.Մորոյանի խոսքով՝ Apple-ը ժամանակին ձախողվեց, բայց Մաքինթոշը եկավ, ու պատմությունը փոխվեց. «Ջոբսը նայեց, թե ինչ նորություններ կան ու օգտագործեց: Ինքը ինժեներ չէր, այլ շատ լավ ռազմավար էր: iPhon-ը, iPad-ը և այլ գաղափարները նոր չէին, դրանք կային շատ տարիներ, բայց տարբերությունը կիրառումն էր»:
Թ.Մորոյանը նշեց, որ հեռացավ աշխարհի մեծ մարդ, ով մեծ ժառանգություն է թողել:










































