Երգչուհի Լեդի Գագան դարձյալ հայտնվել է Forbes ամսագրի շոու-բիզնեսի ամենահարուստ կանանց ցուցակում: Այս անգամ երգչուհին զբաղեցրել է երկրորդ տեղը` նախորդ տարվա համեմատությամբ առաջ անցնելով 2 հորիզոնականով: Առաջին հորիզոնականում հայտնվել է հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին:
Ամսագրի հաշվարկներով` 2010 թ. մայիսի 1-ից մինչև 2011 թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում շոու բիզնեսի ամենահարուստ կինը վաստակել է 290 մլն դոլար: Ընդհանուր առմամբ, Ուինֆրիի կարողությունը գնահատվում է 2.7 մլրդ դոլար: ԱՄՆ ամենահարուստ մարդկանց ցուցակում նա զբաղեցնում է 139-րդ հորիզոնականը:
Forbes-ը, սակայն, նշում է, որ, չնայած Ուինֆրին գլխավորում է ցուցակը, այնուամենայնիվ, անցյալ տարվա համեմատությամբ, այս տարի նա ավելի քիչ է վաստակել: Եվ եթե Ուինֆրիի եկամուտները շարունակեն նվազել, ապա, հաջորդ տարի նա կարող է զիջել դիրքերը, չի բացառվում՝ հենց Լեդի Գագային: Վերջինիս եկամուտը այս տարի կազմել է 90 մլն դոլար, որը նա ստացել է համերգներից, գովազդային հոլովակներից և ալբոմների վաճառքից:
Ամենահարուստ կանանց ցուցակում 3-րդ տեղը զբաղեցնում է «Նյու Յորքի իսկական տնային տնտեսուհիներ» ռեալիթի-շոուի աստղ Բետեննի Ֆրենքելը, որի այս տարվա եկամուտը կազմել է 55 մլն դոլար:
Շոու-բիզնեսի ամենահարուստ կանանց ցուցակում չորրորդ հորիզոնականը կիսում են սուպերմոդել Ժիզել Բունդխենը, քանթրի-երգչուհի Թեյլոր Սվիսթը, դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Էլեն Ջեջեներեսը և «Դատավոր Ջուջի» շոուի հաղորդավար Ջուդիթ Շեյնդլինը: Նրանցից յուրաքանչյուրը վաստակել է 45 մլն դոլար:
Բացի այդ, տասնյակում են հայտնվել երգչուհիներ Քեթի Փերին (44 մլն դոլար) և Բեյոնսեն (35 մլն դոլար), գրող Դանիելա Սթիլը (35 մլն դոլար):
Ընդհանուր առմամբ, շոու բիզնեսի 10 ամենահարուստ կանայք վաստակել են 739 մլն դոլար:








































