«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը
– Տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի օրենսդրական փոփոխություններից հետո ի՞նչ է փոխվել երկրում մենաշնորհների չարաշահումների առումով և ինչպե՞ս եք գնահատում ներկայում մրցակցային դաշտն այդ տեսակետից:
– Այս տարվա ընթացքում օրենսդրական փոփոխութուններ իրականացրեցինք մրցակցության ոլորտում, և բավականին նշանակալի փոփոխություններ են: Դրանք նոր գիրծիքներ և նոր հնարավորություններ են տվել մեր Հանձնաժողովին ավելի արդյունավետ գործելու առումով և հատկապես մեր վերահսկողական կարողությունների ուժեղացման, պատժամիջոցների խստացման առումով լրացուցիչ դրույթներ են ընդգրկվել օրենսդրության մեջ, պատժամիջոցները զգալի խստացվել, ուժեղացվել են: Նաև նոր մոտեցումներ են ամրագրվել մեր օրենսդրության մեջ, որոնք թույլ են տալիս Հանձաժողովին տարբերակված մոտեցում կիրառել: Նախկինում տուգանքի մեկ միասնական չափ էր սահմանվում: Համաձայն նոր օրենսդրության՝ հստակ չափանիշներ են ամրագրված, որոնցից կախվածության մեջ է դրվում պատասխանատվության միջոցի չափը: Այսինքն` այս դեպքում հաշվի է առնվում տնտեսվարող սուբյեկտի մեծությունը, ֆինանսական կարողությունների չափը, խախտման բնույթը, թե մրցակցության վրա ինչպիսի ազեցություն է թողել տվյալ խախտումը, և մի շարք այլ չափանիշներ: Շատ կարևոր են նաև գերիշխող դիրքի որոշման չափանիշների առումով կատարված փոփոխությունները. նախկինում միայն քանակական չափանիշներ էին կիրառվում, գերիշխող էին ճանաչվում այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք շուկայում ունեն 1/3-ից ավելի մասնաբաժին, եթե 2 տնտեսվարող սուբյեկտներ են՝ 1/2-ից ավելի մասնաբաժին, 3 տնտեսվարող սուբյեկտներ՝ 2/3-ից ավելի մասնաբաժին: Եվ շատ ժամանակ տնտեսվարող սուբյեկտները, որ տեղյակ էին այդ չափանիշներից, գործունեություն սկսում էին իրականացնել 2-3 ընկերությունների միջոցով, որպեսզի շրջանցեն օրենսդրությունը և խուսափեն գերիշխող դիրք ունեցող ճանաչվելուց: Նոր օրենսդրությամբ որակական չափանիշներ են մտցվել, որոնք հնարավորություն են տալիս Հանձնաժողովին, երբ տնտեսվարողն ունենում է գերակայություն տնտեսության մեջ, թելադրում է մրցակցային պայմանների վրա, առաջնորդող դեր է ստանձնում շուկայում, այդ դեպքում նրան ճանաչել որպես գերիշխող դիրք ունեցող և չարաշահումների դեպքում ենթարկել պատասխանատվության: Ապացուցողական բազան է ուժեղացվել, հատկապես կարևոր մի գործիք է Հանձնաժողովին տրվել՝ հսկիչ գնումների իրականացում, որի միջոցով կարողանում ենք ֆիքսել իրական գները: Նախկինում մենք տեղեկատվություն էինք պահանջում տնտեսվարող սուբյեկտներից և մեր վերլուծություններն ամբողջությամբ հիմնվում էին նրանց տրամադրած տեղեկատվության վրա, որը շատ ժամանակ այնքան էլ արժանահավատ չէր լինում, և ճիշտ է, մենք գիտեինք, որ գնային փոփոխություններ տեղի են ունեցել, բայց մեր ուսումնասիրությունների ժամանակ չէինք կարողանում այդ փոփոխությունները ֆիքսել: Այսօր հսկիչ գնումները հնարավորություն են տալիս ֆիքսել այդ փոփոխությունները, և մեր ուսումնասիրությունների հիմքում դնել իրական գները, և գնային չարաշահումների տեսանկյունից ավելի արդյունավետ ձևով աշխատել:
– Տուգանքների չափի փոփոխությունը զսպո՞ւմ է արդյոք մենաշնորհատերերին իրենց դիրքը չարաշահելու առումով: Ի՞նչ վիճակագրություն կա և որքանո՞վ է արդյունավետ ՏՄՊՊՀ աշխատանքը:
– Բնականաբար, խնդիրները շատ են մրցակցության ոլորտում և օրենսդրությունն էլ նոր է ընդունվել ու չի կարող միանգամից մեծ ազդեցություն ունենալ, բացի այդ` նաև արդյունավետ պայքարի, աշխատանքի համար շատ կարևոր են ենթաօրենսդրական ակտերը: Այս պահին աշխատանքներ ենք իրականացնում ենթաօրենսդրական ակտերի փոփոխության ուղղությամբ, համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների հետ՝ ՀԲ, ԵՄ, իրականացնում ենք ԵՄ «Թվինինգ» ծրագիրը: Ենթաօրենսդրական ակտերի մշակումից, կիրառումից հետո Հանձնաժողովը հնարավորություն կունենա շատ ավելի արդյունավետ գործել: Բայց, ինչ խոսք, փոփոխություններն իրենց ազդեցությունն արդեն տվել են, Հանձնաժողովն ավելի արդյունավետ է սկսել աշխատել: 2011թ. առաջին 9 ամիսների ընթացքում Հանձնաժողովը 86 որոշում է կայացրել պատասխանատվության միջոցների վերաբերյալ` այն դեպքում, երբ նախորդ ամբողջ տարվա ընթացքում 107 որոշում է կայացվել, իսկ 2008-2009թթ.-ին՝ տարեկան մոտ 30 որոշում: Տուգանքներն այս տարվա 9 ամիսների ընթացքում կազմել են 227 մլն դրամ՝ անցած տարվա 37 մլն դրամի, 2009-ի` 10 մլն դրամի, 2008-ի` 9 մլն դրամի փոխարեն: Մասնավորապես, գերիշխող դիրքի չարաշահման գծով 5-6 որոշում է կայացվել («Լուսակերտի ԹՖ», «ԱրմենՏել», «Հայաստանի էլեկտրացանցեր» և այլ ընկերությունների նկատմամբ), մինչդեռ նախորդ 3 տարիներին նման որոշումներ չենք ունեցել: Այս պահի դրությամբ 2 վարույթներ ընթացքի մեջ են, և մինչև տարվա վերջ, հուսով եմ, որոշում կկայացվի:
Մրցակցության պաշտպանության մարմինների աշխատանքի արդյունավետության առումով ամբողջ աշխարհում շատ կարևոր նշանակություն ունի այն, թե կայացված որոշումների որքան մասն է բողոքարկվում դատական կարգով, և բողոքարկված որոշումներից որքան մասն է ուժի մեջ թողնվում և որքան մասն է անվավեր ճանաչվում: 2010-ին բողոքարկվել է 34 որոշում, որոնցից 22-ով այս պահին առկա են Հանձնաժողովի օգտին կայացված դատական ակտեր, 2011-ին բողոքարկվել է 19 որոշում, որից 8-ով վճիռները Հանձնաժողովի օգտին են: Մնացած գործերով դատաքննություններն ընթացքի մեջ են: Այսինքն` այս 2 տարվա ընթացքում ընդհանրապես չունենք որոշում, որ դատարանը կայացրած լինի ի օգուտ տնտեսվարող սուբյեկտի, բայց նախկինում եղել են նման որոշումներ: Գերիշխող դիրքի չարաշահումով այս պահին կան 2 վարույթներ, և ևս 40 վարույթներ անբարեխիղճ մրցակցության դրսևորումների վերաբերյալ են, և առաջիկայում մենք անպայման հրապարակային որոշումներ կկայացնենք:
– Շատ է խոսվում, որ առանց քաղաքական կամքի մենաշնորհների չարաշահումների դեմ պայքարելը և ընդհանրապես տնտեսությունը, շուկան առավել մրցակցային դարձնելը գրեթե անհնար է մեր երկրում: Ձեր կարծիքով` եթե քաղաքական կամք չկա, Հանձնաժողովի դերը որքանո՞վ կարող է որոշիչ լինել:
– Ես ընդհանրապես Ձեզ հետ համաձայն չեմ այդ հարցում: Քաղաքական կամք կա, և մեր խնդիրն է՝ պայքարել մրցակցության օրենսդրության խախտումների դեմ: Նախ՝ ամբողջ աշխարհում կա օրենսդրությունների 2 տեսակ: Մեկը եվրոպական մոդելն է, որի համաձայն թույլ է տրվում գերիշխող դիրք ունեցող, խոշոր տնտեսվարող սուբյեկտներ ունենալ, սակայն թույլ չի տրվում չարաշահել, այսինքն` մրցակցության պաշտպանության մարմինների դերը չարաշահումների դեմ պայքարելն է: Երկրորդ մոդելը ամերիկյանն է, որը հակամենաշնորհային բնույթ է կրում և պարզապես թույլ չի տալիս խոշոր տնտեսվարողներ կամ մենաշնորհներ ունենալ: Մեր օրենսդրությունն իր էությամբ, բովանդակությամբ նման է եվրոպական մոդելին: Այսինքն` մենք չենք արգելում մենաշնորհներ, գերիշխող դիրք ունեցող ունենալ: Մեր օրենսդրությամբ արգելվում է չարաշահել գերիշխող դիրքը: Չարաշահումը կարող է տարբեր դրսևորումներ ունենալ՝ գնային, մուտքի խոչընդոտներ ստեղծել և այլն: Պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ բոլոր խնդիրներին, որտեղ մրցակցության օրենսդրության խախտումներ են, ընթացք ենք տալիս:
– Մենաշնորհների չարաշահումների դեմ պայքարում ո՞ր երկրի փորձն է առավել ուսանելի ՀՀ համար և ինչո՞ւ:
– ԵՄ «Թվինինգ» ծրագիր ենք իրականացնում և այդ ծրագրի նպատակն է մեր ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, շարունակել օրենսդրական փոփոխությունների իրականացումը: Մեր «Թվինինգ» ծրագիրը շահել է Գերմանիան, հսկայական աշխատանք ենք կատարում օրենսդրական փոփոխությունների ու ենթաօրենսդրական ակտերի առումով, որպեսզի համապատասխանեցնենք եվրոպական փորձին: Ուսումնասիրում ենք մնացած բոլոր երկրների փորձը, հատկապես խոսքը վերաբերում է ԱՊՀ երկրներին: Օրինակ՝ ՌԴ-ն բավականին շատ արդյունավետ փորձ ունի մանրածախ առևտրի ոլորտում չարաշահումների դեմ պայքարի առումով, Ղազախստանը բավականին լավ դրույթներ ունի պետական գնումների մասով, Ուկրաինան՝ անբարեխիղճ մրցակցության դրսևորումների և այլն: Մի խոսքով, բոլոր հաջողված փորձերը որդեգրում ենք մեր օրենսդրության մեջ:
– Մենաշնորհների կամ գերիշխող դիրքի չարաշահումների պատճառով արտաքին աշխարհից եկող գնաճն ավելի բարձր է լինում: Մեր երկրում թե՛ անցած տարի, թե՛ այս տարի գնաճը բավականին բարձր է: Ձեր կարծիքով` որքանո՞վ են գերիշխող դիրքի չարաշահումներն ազդում ՀՀ-ում գնաճի վրա:
– Եթե գնային չարաշահումներ լինեն խոշոր տնտեսվարող սուբյեկտների կողմից, մենք անպայման նրանց կենթարկենք պատասխանատվության: Դա շատ կարևոր խնդիր է մեր երկրում հանդիսանում: Դրա համար մենք պարբերաբար մոնիտորինգ ենք իրականացնում բոլոր ապրանքատեսակների գծով, որպեսզի թույլ չտանք գնային չարաշահումներ: Եթե մոնիտորինգի արդյունքում բացահայտեցինք, որ խոշոր գնային տատանումներ կան, անպայման միջամտում ենք և փորձում ենք պարզել՝ որքանով է այդ գնային փոփոխությունն ադեկվատ տնտեսական գործոններին: Եթե ադեկվատ չեն և ավելի շատ են, դա մեր օրենսդրությամբ համարվում է չարաշահում, և ենթարկում ենք պատասխանատվության:
– Ասենք` ենթարկեցիք պատասխանատվության, ինչ-որ գումարի չափով տուգանեցիք, բայց սպառողի գրպանից արդեն այդ գումարը գնացել է և չի վերադառնում: Ինչ-որ մեխանիզմ մշակվո՞ւմ է, որ սպառողի վնասը փոխհատուցվի:
– Տուգանքները ինքնանպատակ չեն, այլ կանխարգելիչ բնույթ ունեն: Մեկին տուգանելով՝ կանխարգելիչ գործառույթ ենք իրականացնում, դա նաև դաս է հանդիսանում մնացած բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար, որպեսզի ձեռնպահ մնան գների բարձրացումներից: Մեզ համար նաև շատ կարևոր է սպառողների շահերի պաշտպանությունը: Մենք, պատասխանատվության միջոցներ կիրառելուց, անպայման հաշվի ենք առնում, թե որքանով են վերականգնված սպառողների շահերը: Օրինակ՝ ՀԷՑ-ը գերիշխող դիրքի չարաշահում թույլ տվեց, բայց մենք պատասխանատվության ավելի մեղմ միջոց կիրառեցինք` հաշվի առնելով, որ մինչև որոշման կայացումը խախտումն ամբողջությամբ վերացված էր և սպառողների շահերը վերականգնված էին: Նույն «ԱրմենՏելի» հետ կապված՝ գերիշխող դիրքի չարաշահման համար մեղադրեցինք, բայց մինչև որոշումը կայացնելը գրեթե ամբողջությամբ խախտումը վերացրել և մոտ 3 անգամ սակագինն իջեցրել էին: Եվ բացի տուգանք նշանակելուց, մենք նաև ֆիքսում ենք, որ հետագայում բացառեն նմանատիպ խախտումները, իսկ եթե հաջորդ անգամ կրկնվում են խախտումներ, ապա ավելի խիստ մոտեցում ենք դրսևորում:
– Հանձնաժողվին ի՞նչ գործիքներ են այժմ պակասում, քանի որ օրենսդրական փոփոխությունների ժամանակ վերահաս ստուգումների լիազորություն չտրվեց:
– Ստուգումների իրավասությունը բավականին արդյունավետ գործիք է հանդիսանում, և դա ոչ միայն մեր նախաձեռնությունն էր, այլև ամբողջ աշխարհի միջազգային փորձն էր և ՀԲ առաջարկությունն էր, որ մրցակցության խնդիրներ հայտնաբերելու համար մրցակցության մարմինները պետք է ունենան ստուգումների լայն իրավասություն: Մենք այս փաստարկը ներկայացրել էինք ԱԺ, բայց քանի որ նման իրավասություն ունեցող մարմիններ մեր երկրում կան, խոսքը վերաբերում է ՊԵԿ-ին, առաջարկվեց ավելի սերտ համագործակցել և խնդիրների դեպքում դիմել այլ պետական մարմինների օգնությանը: Իհարկե, ստուգումների լայն իրավասությունը զգալիորեն կբարձրացներ Հանձնաժողովի աշխատանքների արդյունավետությունը:









































