Ելույթ ունենալով Ազատության հրապարակում` ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մասնավորապես անդրադարձավ Հայաստանի գլխավոր խնդրին, գլխավոր մտահոգությանը, որից կախված է մեր ազգի ապագան: Նրա խոսքով` դա Հայաստանի դեմոգրաֆիկ վիճակն է ու արտագաղթը: Այս խնդիրը հասկանալու համար, ըստ նրա, այն պետք է դիտարկել 5 հարթության վրա: Լ. Տեր-Պետրոսյանը առաջարկեց հարցը քննարկել պատմական , էմոցիոնալ, գենոֆոնդային, քաղաքական ու ազգապահպանության, ազգի գոյատևման ու անվտանգության հարթությունների վրա:
Պատմական հարթության վրա հարցը դիտարկելիս՝ նա նշեց, որ պետք է հիմք ընդունել 4 պատմական իրողություն: Այն, որ հայ` «արմեն » անունը գրավոր հիշատակված է մ.թ.ա. 12-րդ դարում Մելիտենե` Մալաթիա գավառի մոտ: 2-րդ փաստը` մ.թ.ա. 6-րդ դարում հիշատակված Բեհիթունյան արձանագրություններն են, 3-րդ փաստը՝ հույն աշխարհագրագետ Ստրաբոնի տեղեկությունն է այն մասին, որ Մեծ Հայքը խոսում է հայերեն: 4րդ տվյալն այն է, որ մ.թ. սկզբում Հայաստանում երբևէ ցեղային տարանջատում վկայված չէ ու, ըստ էության, Հայաստանում այլազգիներ չեն բնակվել:
«Ողջ Մեծ Հայքը բնակեցված է եղել հայերով՝ բացառությամբ ծայրամասերի»,- նկատեց ՀԱԿ առաջնորդը: Նա դա բացատրեց նրանով, որ 1000 տարի շարունակ պետականություն ենք ունեցել:
Հայ ազգի միատարրության խաթարումը, ըստ նրա, տեղի է ունեցել արաբական արշավանքներից հետո: Այդ ընթացքում Հայաստանում ձևավորվեցին արաբական ամիրայություններ, բայց Բագրատունիների վերելքով նրանք սկսեցին ձուլվել մեր մեջ:
Նրա խոսքով` դա չի ազդել Հայաստանի դեմոգրաֆիկ վիճակի վրա: 11-րդ դարում հաշվվել է 6 միլիոն հայ, Հայաստանը ունեցել է հոծ բնակչություն: Վիճակը, ըստ նրա, լրջորեն խաթարվեց սելջուկյան, ապա մոնղոլների արշավանքից հետո:
«Այս արշավանքները չէին կարող փոխել բնակչության կազմը »,- նշեց ՀԱԿ առաջնորդն` ընդգծելով, որ հաջորդ դեմոգրաֆիական աճի վրա ազդեցին թուրք-իրանական պատերազմները, որոնք տեղի էին ունենում 16-րդ դարում՝ Հայաստանի տարածքում:
Դեմոգրաֆիական հաջորդ աղետը 1878-1914 թթ. էր, երբ Հայկական հարցը քննարկման դրվեց Բեռլինում: «Ըստ էության՝ այդ տարիները եղել են արևմտահայության ամենամղձավանջային տարիները: Չափազանց աղետալի եղավ ռեֆորմը, երբ մտցվեց դրամական հարկի վճարման անհրաժեշտությունը»,- ասաց նա` նշելով, որ հայ երիտասարդները գումար աշխատելու համար սկսեցին գնալ դեպի Անատոլիայի այլ քաղաքներ: «Ահա, թե ինչպես սկսվեց «խոպանչիությունը»: Հայերն այլ կերպ չէին կարող փրկել իրենց հողը»,- ասաց նա` նշելով, որ միաժամանակ բռնի մահմեդականացվում էին բազմաթիվ հայեր:
Հայաստանի խորհրդայնացման տարիներին Հայաստանում կար 729 հազար հայ, 300 հազար հայ զոհվեց Առաջին հայրենական պատերազմում, դրան հաջորդեց Արցախյան պատերիազմը` տվեցինք 25 հազար զոհ, 500 հազարը դարձան բնակարանազուրկ: Այնուհետև պատերազմի հետևանքով շատերը հեռացան երկրից:
Արտագաղթի էմոցիոնալ հարթությունը վերլուծելով՝ նա ասաց, որ անհատի առումով անհատի համար դա մեծագույն ողբերգություն է` փոխվում է միջավայրը, լեզուն, մշակույթը:
Արտագաղթողների առաջին սերունդը ողբերգական սերունդ է, քանի որ կորցնում է իր հանգիստն ու քունը: Սփյուռքի գաղթողների առաջին սերունդը մեկ հոգս ունի` ապահովել իր տեղը այդ երկրում:
Հայաստանի հայությունը պետք է իր ուժը դնի իր վրա: Գեների որակի տեսանկյունից հարցը քննարկելով՝ Լ. Տեր-Պետրոսյանը ասաց, որ գաղթում են ինտելեկտուալները, բայց սա չէ դեռ ամբողջ դժբախտությունը, ըստ նրա, այն է, որ գաղթում են պրոֆեսիոնալները, ռիսկի դիմողները. «Ռիսկի չդիմողը շատ դժվար է տեղից շարժվում: Մենք կորցրել ենք 1 միլիոն մարդու: Եթե այսպես շարունակվի, կդառնանք ուրիշ ազգ: Այսօր մեր հեռուստատեսությունը, կինոն… Կոմիտասին, Արամ Խաչատրյանին փոխարինել են թուրքական մուղամները»:
Արտագաղթը քաղաքական հարթության վրա դիտարկելիս՝ նշեց, որ գաղթում են քաղաքականապես հասուն մարդիկ: «2008 թ. շարժման մասակիցների կեսն այսօր արդեն Հայաստանում չէ»,- նշեց նա` ընդգծելով, որ խորապես համոզված է, որ իշխանությունները խրախուսում են արտագաղթը` տեր կանգնելու նրանց ունեցվածքին, նրանց մի փոքր հացին. «Հայաստանում այսօր չկան մանր ու միջին գործարարներ: Մնում է գյուղը: 360 հազար գյուղացիական տնտեսություն կար 1990-ականներին, հիմա մնացել է դրա կեսը: Դրա մասին խոսել է Հայաստանի վարչապետը` հայտարարելով, թե չարտագաղթեն` ինչ անեն, մնան՝ հանրահավաք անե՞ն»:
5-րդ հարթությունը ազգապահպանության հարցն է` մենք կանգնած ենք աղետի առաջ: Եթե արտագաղթը կանգ չառնի, 30-40 տարի հետո կլինենք 1-1,5 միլիոնանոց մի պետություն:
Հասկանալու համար այս աղետը, նրա խոսքով, պետք է գնալ պատմության խորքը: Հայ ազգի դժբախտությունն այն է եղել, որ փոքրաթիվ ենք եղել:
Լ. Տեր-Պետրոսյանի խոսքով` արտագաղթ նշանակում է մարդկանց նվազեցում, բանակի մարտունակության նվազեցում:
Իր խոսքում նա անդրադարձավ մի քանի այլ հարցերի` ցեղասպանությունների փաստին, որը նոր երևույթ է, քանի որ որևէ նվաճող իր առջև խնդիր չի դրել ոչնչացնել ժողովուրդների: «Եղել են բռնի տեղահանման փաստեր, բայց ոչնչացման նպատակ չեն ունեցել»,- ասաց նա` նշելով, որ դա սկսվեց 1915-ից ու շարունակվում է մինչ օրս:
Ելույթի վերջին հատվածում ՀԱԿ առաջնորդն անդրադարձավ արտագաղթի հարցին` կապելով այն ղարաբաղյան հարցի հետ. «Մինչև չլուծվի այս հարցը, Հայաստանը չի դառնա նորմալ, բարգավաճող երկիր»: Երկրորդ պատճառը շրջափակումն է, երկաթուղիներից զուրկ լինելը:
Նրա խոսքով`կան նաև օբյեկտիվ պատճառներ` կապված մարդկանց սրիկայության, տականքության աստիճանի, կոռուպցիայի աճի հետ: «Այսպիսի թալան սեփական ժողովրդի հանդեպ ո՛չ մոնղոլներ են արել, ո՛չ թուրքերը, ո՛չ պարսիկները»,- ասաց նա:
Հաջորդ պատճառն օրինականության բացարձակ բացակայությունն է: Նրա խոսքով` մարդիկ կարող են խեղճ ապրել, դիմանալ դժվարությունների, եթե հավատում են, որ այդ դժվարությունները բոլորինն են: Բոլորը գիտեն` ընկար դատարանի, ոստիկանի ձեռքը, մեռած ես: «Բա էսպիսի երկրից ինչպե՞ս չփախչի ժողովուրդը»,- հավելեց Լևոն Տեր-Պետրոսյանը:








































