Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Կանադայում հրապարակվող Free Press թերթը նոր մանրամասներ է հրապարակել օգոստոսի 9-ին Դամասկոսում տեղի ունեցած Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի և Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հանդիպման մասին, որը տևել է 6 ժամ։
Հանդիպման վերջում Ասադը Դավութօղլուին ասել է. «Օսմանյան փադիշահների ժամանակաշրջանն անցել է։ Սիրիան իր արաբական ինքնությամբ ևս մեկ անգամ չի ընդունի օսմանյան գերիշխանությունը։ Անկարան այլևս չի դառնա Արաբական աշխարհի հարցերի լուծման կենտրոն»։
Թուրքական թերթը նշում է, որ Ասադի այս խոսքերն Անկարայի համար Դամասկոսի հետ ունեցած թելերը կտրելու արժեք ունեցան։
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում մերձավորարևելյան քրիստոնյաների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ասադը հայտարարել էր, թե վախենում է, որ «արաբիզմ» բառը փոխարինվի «օտտոմանիզմ» բառով, և Անկարան դառնա այն վայրը, ուր կլուծվի արաբական աշխարհի ճակատագիրը։










































