Սևանա լիճը շարունակում է կորել և մահանալ: Այսօր «Առաջին լրատվականի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Սևանի բնապահպանական տեսչության պետի նախկին տեղակալ Հենրիկ Մարտիրոսյանը՝ տեղեկացնելով, թե ինչ վիճակում է գտնվում Սևանի ավազանը: Նրա փաստմամբ՝ Սևանա լիճը մահանում է, մահանում է դրանում կենդանական աշխարհը: «Լճի մակարդակն օրեցօր ավելանում է, և այն բուսականությունը, որը մնում է ջրի տակ, չի մաքրվում, այլ քայքայվում է՝ սպանելով լճի կենդանական աշխարհը»,- մեկնաբանեց Հ. Մարտիրոսյանը՝ հավաստիացնելով, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գումար է հատկացրել մաքրման աշխատանքներն իրականացնելու համար:
«Ոչինչ չի արվում ու այդպես ամբողջ բուսական և կենդանական աշխարհը՝ ձկները, ծառերի կոճղարմատները, ամբողջը քայքայվում են: Քայքայվելով՝ ահավոր վնաս են տալիս կենդանական աշխարհին: Կառավարությունը մինչ այսօր մոտավորապես 8 հարյուր միլիոն գումար է հատկացրել, որ մաքրվի Սևանա լիճը, բայց չի արվել»,- նշեց Հ. Մարտիրոսյանը՝ ներկայացնելով իր տվյալները, որոնց համաձայն՝ մոտ 1200 հա պետք է մաքրվեր:
Հիշեցնենք, որ 2010թ. Սևանա լճի մաքրում իրականացնելու համար պետբյուջեից հատկացվել է 257 միլիոն դրամ: 2006-2010թթ. ջուրը մաքրելու համար հատկացվել է 416 միլիոն դրամ, իսկ այս տարի, Հ. Մարտիրոսյանի փաստմամբ, այդ թիվը կազմում է շուրջ 800 միլիոն դրամ:
Նրա համոզմամբ՝ լճի մաքրման և այլ բարեկարգման աշխատանքների համար նախատեսված գումարները իրացվում են: Այն հարցին, թե ի՞նչ ենք ունենալու մի քանի տարի հետո, եթե այսպես շարունակվի, պատասխանեց՝ ճահճացած, քայքայված մի լիճ:











































