Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Շահ Դենիզ» գազային հանքավայրի գազի՝ դեպի Եվրոպա փոխադրման երթուղին հայտնի կդառնա մինչև տարեվերջ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևը։
Վերջինիս խոսքերով՝ ներկայումս Ադրբեջանը դիտարկում է միջազգային կոնսորցիումների ներկայացրած առաջարկները, որոնք առնչվում են «Շահ Դենիզ» գազային հանքավայրի գազի փոխադրմանը Եվրոպա։ Նա հավելել է, որ այդ առաջարկների գնահատականը կպահանջի 15-20 օր։
Հիշեցնենք, որ Nabucco-ն, ITGI-ն («Թուրքիա-Հունաստան-Իտալիա») և TAP-ը («Տրանսադրիատիկ») օրեր առաջ են Ադրբեջանին ներկայացրել գազամուղերի նախագծերի վերջնական առաջարկները։ Այս բոլոր խողովակաշարային նախագծերն էլ միտված են ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակման երկրորդ փուլում արդյունահանվելիք գազի՝ դեպի Եվրոպա փոխադրմանը։
Պլանավորված է, որ «Շահ Դենիզ»-ի գազային հանքավայրի 2-րդ փուլի մշակման արդյունքում տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ է արտահանվելու դեպի Եվրոպա։ «Շահ Դենիզ»-ի գազային պաշարները գնահատվում են 1.2 միլիարդ տրիլիոն խորանարդ մետր։









































