ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան կոչ է արել Եգիպտոսի իշխանություններին չեղյալ համարել երկրում գործող արտակարգ դրությունը: ԱՄՆ մտավախություն ունի, որ դա կխոչընդոտի երկրում նոյեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:
Ինչպես գրում է The Los Angeles Times թերթը, այցով Եգիպտոսում գտնվող Պանետտան հոկտեմբերի 4-ին Եգիպտոսի ժամանակավոր ղեկավար Հուսեյն Տանտաուիի հետ ունեցած բանակցություններից հետո նշել է. «Իմ ստացած պատասխանը ցույց է տալիս, որ Եգիպտոսի իշխանությունները լուրջ են վերաբերվում արտակարգ դրությունը հանելու հարցին»:
Եգիպտոսում 1967 թվից գործող արտակարգ դրությունը հանելու կոչեր ԱՄՆ-ի կողմից եղել են նաև նախկինում: Բացի այդ, դա հեղափոխականների հիմնական պահանջներից մեկն էր:
Եգիպտոսի գործող իշխանությունները պնդում են, թե օրենքն անհրաժեշտ է երկրում տիրող բողոքի տրամադրություններին դիմակայելու համար:
Եգիպտոսի իշխանությունների հետ Պանետտան քննարկել է նաև այլ հարցեր: Մասնավորապես, նա խորհուրդ է տվել ուժեղացնել Սինայի թերակղզու անվտանգությունը, որտեղ հեղափոխությունից հետո իրավիճակը զգալիորեն վատացել է:







































