ԱՄՆ-ն կարծում է, որ Իրանը պետք է լիովին դադարեցնի սեփական միջուկային ծրագրի զարգացումը և ապամոնտաժի ուրանի հարստացման բոլոր կարողությունները: Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը՝ Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր խորհրդաժողովի 69-րդ հերթական նստաշրջանի լիագումար նիստում:
«Իրանի կողմից ԱԷՄԳ-ի նկատմամբ թափանցիկության պակասը և նրա միջուկային էսկալացիաներն անհանդուրժելի են: Իրանի միջուկային ծրագիրը, ներառյալ ուրանի հարստացման բոլոր կարողությունները, պետք է ամբողջությամբ ապամոնտաժվեն», – ասել է նա:
«Իրանը պետք է լիակատար աջակցություն ցույց տա ԱԷՄԳ-ին՝ հաշվի առնելով իր պարտավորությունները, և (տեսուչներին) տրամադրի հասանելիություն այն բոլոր վայրերին, որոնք մտահոգություն են հարուցում», – նշել է նախարարը:










































