«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը:
– Հրանտ, Ազատության հրապարակում մեկշաբաթյա հանրահավաքներ են ընթանում: Այս ընթացքում հասարակական տրամադրությունների մեջ ի՞նչ փոփոխություններ են նկատելի: Ի՞նչ է կատարվում այսօր այստեղ, և ըստ Ձեզ` ի՞նչ կլինի հանրահավաքներից հետո:
– Երեք տարբեր հարց տվեցիք. ի՞նչ վերաբերում է հասարակական կարծիքի մեջ ինչ փոփոխություններ կան, կարծում եմ` հիմա շատ վաղ է գնահատականներ տալ, այնքան էլ ճիշտ չէ հընթացս վերլուծություններ անել, պետք է սպասել մինչև շուրջօրյա հանրահավաքների ավարտը: Բոլորը վերլուծում են, բայց հիմա ավելի շատ գործողությունների ժամանակն է. ես ինձ համար այդպես եմ սահմանել: Ես անում եմ այն, ինչ իմ պարտքն եմ համարում, և այս պահին ինձ չի հետաքրքրում այն, ինչ դուրս է իմ անձնական որոշումից, իմ անձնական վճռից: Իսկ վերլուծության ժամանակն անպայման կգա, երբ ակցիան ավարտվի: Բացի այդ, անկանխատեսելի է՝ ինչով կավարտվի, և մենք երկար ժամանակ կունենանք ամեն ինչ վերլուծելու, գուցե ինչ-որ վերամեկնաբանելու, գուցե նոր շեշտադրումներ անելու: Իսկ թե ինչ տեղի կունենա հանրահավաքներից հետո, կախված կլինի հանրահավաքի ընթացքից:
– Հրանտ, այս օրերին բազմիցս հնչեց, որ այս հանրահավաքները 2008-ի էֆեկտը չունեն: Մասնակցելով թե՛ 2008-ի հանրահավաքներին, թե՛ 2011-ի՝ այս օրերի հանրահավաքներին, արդյոք զգո՞ւմ եք այդ տարբերությունները:
– Չէր էլ կարող նույն էֆեկտն ունենալ, որովհետև 2008-ին այլ՝ հետընտրական իրավիճակ էր, իսկ հիմա ոչ, բացի այդ՝ չորս տարի է անցել, և այդ չորս տարվա մեջ շատ բան է տեղի ունեցել: Այո՛, կարող ենք փաստել, որ այս պահին այստեղ 2008 տեղի չի ունենում, և հետագայում սա էլ պետք է վերլուծենք, ամեն դեպքում օգտակար պրոցես եմ համարում: 2008-ը շատ լուսավոր է մնացել մեր հիշողության մեջ, բայց պետք է իրականությունը տեսնել, և եթե 2008-ի այդ պատկերը տեղափոխելը այստեղ պատրանք է, ուրեմն պետք է գործել ըստ իրականության: Այս քայլը պարտադիր պետք է արվեր, թեկուզ հետագայում ազատ ժամանակ շահելու համար, որովհետև որոշակի ցայտնոտային վիճակ էր, այսինքն՝ այս քայլը Կոնգրեսի ամբողջ քաղաքականությունից, հռետորականությունից էր բխում, և եթե այդ քայլը չարվեր, իրավիճակը գուցե ավելի վատ լիներ:
– Իսկ հնարավո՞ր է, որ ժամանակը ինչ-որ պահի բաց թողեցինք` հատկապես վերջին երկու տարիներին:
– Գիտեք, ամեն ինչ հնարավոր է: Իհարկե հետադարձ հայացքով միշտ ավելի հեշտ է հազար ու մի բան վերլուծել, հազար հակափաստարկ ներկայացնել, որ պահը բաց թողեցինք, բայց պետք է այսօրվա իրավիճակի մեջ գործել: Եթե-ներով չպետք է խոսեք, այլ այսօրվա դրությամբ: Ես այս քայլի ամենադրական պահը համարում եմ այն, որ ազատություն է ընձեռում ինձ ու իմ ընկերներին: Այս քայլը պարտադիր պետք է անեին, և մենք հիմա ազատ ենք ցանկացած կողմ գնալու, ցանկացած մարտավարություն ընտրելու, նոր շեշտադրումներ անելու:
– Այս առումով բացառիկ էր Քաղաքացիական ֆորում ստեղծելու գաղափարը: Դուք նույնպես ներգրավված եք այս ամենում, ի՞նչ կարող է ֆորումն իրականացնել:
– Մասամբ եմ ներգրավված: Քաղաքացիական ֆորումի ստեղծման գաղափարը շատ լավ գաղափար էր, սա մեր երիտասարդները առաջարկեցին: Դժվար է այս պահին ասել՝ այն ամբողջովին կաշխատի՞, թե՞ ոչ, բայց սա լավ նախաձեռնություն է, որ կարող ենք նաև հետագայում, անկախ հանրահավաքից, զարգացնել: Մի քիչ ափսոսում եմ, որ գուցե մի քիչ ավելի շուտ ծնվեր այդ գաղափարը՝ 2008-ին, գուցե շատ ավելի հետաքրքիր լիներ, բայց այն լավագույնս կաշխատի այն դեպքում, երբ ընդդիմախոսներին հրավիրեն, գան մարդիկ, ովքեր հակառակ կարծիքն ունեն, և քաղաքակիրթ բանավեճի միջոցով լուծեն հարցեր, բայց սա չի ստացվում, թեև լավագույնը սա կլիներ:
– Երիտասարդները 2008-ի՞ն, թե՞ այսօր են ավելի ակտիվ ներգրավված այս պրոցեսներին:
– 2008-ին ընդհանրապես ավելի շատ մարդիկ էին ներգրավված, այդ թվում՝ երիտասարդները, բայց այն հիմնական կորիզը, որը ձևավորվեց 2008-ին, այսօր էլ կա: Անկախ հանրահավաքի արդյունքից՝ այդ կորիզը կա և կմնա, և ես Հայաստանի ապագան այդ կորիզի հետ եմ կապում:
– Facebook սոցիալական ցանցում մինչև այս պահը շատերն էին ակտիվ գործունեություն ծավալում: Կարո՞ղ ենք ասել, որ այսօր ֆեյսբուքյան հասարակությունն է տեղափոխվել իրական դաշտ:
– Ճիշտն ասած, երեք-չորս օր է՝ Facebook-ի երես չեմ տեսել, առանձնապես չգիտեմ՝ ինչ է կատարվում, բայց ես չեմ կարծում, թե Ազատության հրապարակը Facebook-ին հակասում է: Facebook-ը նույն հրապարակն է, և հրապարակն էլ նույն Facebook-ն է, այսինքն՝ հրապարակն էլ սոցիալական ցանց է: 2008-ին թեև չկար ինտերնետային չափումով այդ սոցիալական ցանց ասվածը, բայց հրապարակը սոցիալական ցանց էր, և նրա ամենամեծ արժեքն այն էր, որ բազմաթիվ մարդիկ իրար ճանաչեցին, համախմբվեցին, և ստեղծվեց իսկապես աշխատող ցանց: Այսինքն՝ այդ առումով հրապարակը իսկապես Facebook է 2008-ից մինչև հիմա, այս երկուսն էլ ազատ հրապարակ են:
– Հրանտ, այս դեպքում երկխոսության շարունակականության իշխանությունը արդյոք կգնա՞:
– Ջհանդամը թե չի գնա: Ես կարծում եմ՝ այդ երկխոսության թեման պետք է ընդհանրապես վերացնել, և երբ օրերս ասացին, որ դադարեցնենք հանրահավաքը, ես կարող եմ նրանց ցենզուրայի սահմանում շատ հեռու ուղարկել: Իսկ թե իշխանությունը կգնա՞ զիջումների, թե՞ ոչ` սա շատ ռեալ պրագմատիկ հարց է, և կապված է՝ ինչքան ժողովուրդ կհավաքվի այստեղ: Այդ հարցի պատասխանը հիմա չկա, պետք է սպասել մինչև հանրահավաքի վերջ, և եթե դու քեզնից ուժ ներկայացնես և ժողովրդին համախմբես, ուրեմն կգնա, եթե ոչ, այդ դեպքում պետք է նոր ձևեր գտնել և շարունակել պայքարը:
– 2008-ից խոսում ենք այն մասին, որ քաղաքացիական հասարակության առումով լուրջ առաջընթաց կա: Այսօր հանրահավաքի ոչ մարդաշատ լինելն արդյոք չի՞ հուշում այն մասին, որ մենք քաղաքացիական հասարակության ձևավորման հետ կապված խնդիր ունենք:
– Քաղաքացիական հասարակությունն ամեն դեպքում միայն հանրահավաքի ժողովուրդը չէ, և այն գործընթացը, որ սկսվել է 2008-ին, ծիլերը տալիս է, իսկ հանրահավաքի գալ մասնակցելը մարդկանց անձնական ընտրությունն է: Քաղաքացիականն ավելի լայն է: Գուցե քաղաքացիականը որոշ հետընթաց ապրի, բայց չեմ կարծում՝ վերադառնանք այն վիճակին, ինչ եղել է: 2008-ից առաջ գրեթե ոչինչ չունեինք: Այն ժամանակ, մի քանի ՀԿ-ներ էին, իսկ հասարակության ներսից նախաձեռնություն չկար: Իսկ հիմա պարտադիր չէ, որ դու ՀԿ ստեղծես, նոր խնդիր լուծես, վերջին բոլոր նախաձեռնությունները հենց այդպես ինքնաբուխ ստեղծվեցին:
– Հրանտ, Ազատության հրապարակը` որպես հանրային տարածք, արդյոք պահպանե՞լ է իր էներգետիկ ուժը:
– Իհարկե սա 2008-ի էներգետիկան չէ, դրա մասին խոսք չկա, սակայն էներգետիկան մարդու ներսից է գալիս: Ես ինձ դիտում եմ որպես շարքային զինվոր, որ եկել է դիրքեր պահելու, և ես մենակ էլ կգայի այստեղ պահելու Ազատության հրապարակը, որը ինքնին ազատության խորհրդանիշ է, իսկ էներգետիկայի չափը կարող է տարբեր լինի, և դա նորմալ է:








































