«Հրապարակ»-ը գրում է, որ երեկ ԱԺ հայտարարությունների ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Սպարտակ Մելիքյանը հայտարարել է, թե գրավոր դիմել է ԱԺ նախագահին, որ այսուհետ իր ամբողջ աշխատավարձն ուղղվի Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին՝ «որպեսզի ինչ–որ չափով բավարարվի նրա ախորժակը և իսկապես բարեփոխում լինի համակարգում»։
«Պատգամավորը նաև հավելել է, որ դատական համակարգն այսօր դարձել է ամենաշահավետ բիզնեսը։ «Այսօր դատական համակարգի բոլոր կոռուպցիոն լծակները կենտրոնացել են վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի և քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի ձեռքում։ Նրանց անձնական շահադիտությամբ և կոնկրետ հրահանգով է կայացվում դատական վճիռների մեծ մասը։ Այդպիսով` դատավորների մեծ մասը զրկված է որևէ ինքնուրույն, արդար վճիռ կայացնելու իրավունքից, իսկ չենթարկվողները պարզապես հեռացվում են աշխատանքից »,– ասել է նա՝ հավելելով, որ մանր հանցագործություն կատարած կամ կենցաղային հողի վրա վիճաբանության մեջ մտած քաղաքացիներն ազատազրկվում են, իսկ բազմաթիվ թալանչիներ և մարդասպաններ, այդ թվում խաղաղ պայմաններում զինվորներին սպանողները, վայելում իրենց ազատությունը։
«Այս ամենին անտարբեր, կոռումպացված մեր պաշտոնյաները նաև կոռուպցիոն մեխանիզմները դատական համակարգում շարունակում են աշխատեցնել ժամացույցի պես. փոխվել են միայն միջնորդները, և աճել են կաշառքի չափերը, այսպես մեծացնելով մեր պետությանն ու Ազգային անվտանգությանը սպառնացող վտանգը»,– ասել է հանրապետական պատգամավոր Սպարտակ Մելիքյանը»։









































