Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում Գերմանիայի դեսպան Էբերհարդ Փոհլը դիվանագիտական նորմերի շրջանակներում կտրուկ պատասխանել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի հնչեցրած այն մեղադրանքներին, թե գերմանական հիմնադրամները ֆինանսավորում են Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK):
Գերմանիայի միավորման 21-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելության ժամանակ դեսպանը լրագրողներին հայտնել է, որ Գերմանական զարգացման բանկը Դիարբեքիրի քաղաքապետարանին միջոցներ է հատկացրել թուրքական կառավարության ու գանձապետարանի թողտվությամբ.
«Գերմանական զարգացման բանկը ֆինանսական և տեխնիկական համագործակցության գծով նախագծեր է իրականացնում աշխարհի ավելի քան 120 երկրներում։ Բանկը վարկեր է տրամադրում հիմնականում ենթակառուցվածքային նախագծերի համար։ Բանկը նախագծեր է իրականացնում ողջ Թուրքիայում՝ այդ երկրի նախարարությունների ու կազմակերպությունների հետ համատեղ»։
Դեսպանը նաև նշել է, որ իրեն հայտնի չէ, թե ինչն է հիմք հանդիսացել Էրդողանի նմանատիպ մեղադրանքի համար։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մակեդոնիայից վերադարձած Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել էր, թե մի շարք գերմանական հիմնադրամներ քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) և գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) միջոցով գումարներ են փոխանցում Թուրքիայում ահաբեկչական հռչակված և արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հաշվին։
Դրանից հետո ԺՀԿ փոխնախագահ Գյոքհան Գյունայդընը հայտարարել էր.
«Մենք վարչապետին կոչ ենք անում ապացուցել ասածը։ Վարչապետը չպետք է հադես գա մեղադրանքներով։ Նրա պարտականությունների մեջ է մտնում այդպիսի դեպքերի հետաքննումը»։








































