«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը դիմելով Ազատության հրապարակում հավաքված ժողովրդին՝ նշեց, որ վերջիններիս նստացույցն ապացուցեց, որ իշխանությունը վախենում է ժողովրդից:
«Ժողովուրդ ջան, դժբախտաբար, էդ կուսակցությունը Ռոբերտ Քոչարյանի ժամանակ էլ, Սերժ Սարգսյանի ժամանակ էլ մնաց գարշոկին նստածի խելքի մակարդակի»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ դա երկրի դժբախտությունն է:
Սարգսյանը նշեց, որ այսօր ժողովուրդը չի հավատում իր ընտրությանը, որովհետև այս իշխանություններն իրենք իրենց վարչապետ ու նախարար են նշանակում. «Որպեսզի բոլոր քաղաքական ուժերը ունենան հավասար ստարտային պայմաններ, մենք առաջարկում ենք, որ երկրում տեղի ունենան արտահերթ նախագահական ընտրություններ՝ նախագահի ընտրություններից մեկ տարի առաջ»:
Արամ Սարգսյանը նաև խորհուրդ տվեց լուրջ չվերաբերվել ՀՀԿ ներկայացուցիչների հայտարարություններին: Նա նշեց, որ այս իշխանություններն այսօր շատ վատ վիճակում են. «Իրենք Մսրա Մելիքի վիճակում են, երբ Դավիթը երրորդ զարկը տվեց. մի հատ ձեզ թափ տվեք: Մենք ձեզ ձեռք էինք մեկնել, ձեզ հնարավորություն էինք տվել՝ այս երկիրը արաբական շրջագծից հանելու, իսկ դուք մեծամտաբար մերժեցիք էդ ձեռքը, դուք փոքրոգի եք, դուք ուրախանում եք էս ժողովրդի տխրության, չարչարանքի վրա և դուք ո՛չ ապագա խորհրդարանում, ո՛չ ապագա նախագահականում տեղ չեք ունենալու, դուք պրծած կուսակցություն եք, հաղթանակն այս ժողովրդինն է ու նրա ընտրյալինը»:







































