Այսօր «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում բացվեց փայտարվեստի, մանրանկարչության, գեղանկարչական ու լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես`նվիրված հայ-իրանական բարեկամությանը:
«ՀայԱրտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը նշեց, որ ցուցադրությանը ներկայացված են իրանցի հինգ ժամանակակից ստեղծագործողների 100-ից ավելի` մեկը մյուսից հետաքրքիր աշխատանքներ: «Ցուցադրության նպատակն է մշակույթի միջոցով ևս մեկ անգամ ամրապնդել հայ-իրանական պատմական, մշակութային կապերը»,- ասաց Ռ.Շառոյանը:
Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Իրանի դեսպանի մշակույթի գծով խորհրդական Շաքիբան, ով իր խոսքում նշեց, որ մինչ Հայաստան գալը համոզված էր, որ միայն Իրանում են արվեստն ու մշակույթը խորապես խարսխված ժողովրդի կյանքի ու առօրյայի վրա, բայց Հայաստան գալով ու ծանոթանալով ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու հետ, համոզվեց, որ Հայաստանում էլ նույն վիճակն է, ինչ Իրանում: Ելույթ ունեցավ նաև ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:
Իրանի մշակութային օրերի շրջանակում բացված ցուցադրությանը ներկայացված են իրանցի երիտասարդ փայտագործ և մանրանկարիչ Մոստաֆա Արյաֆարի, գեղանկարիչ Նադեր Թահաղղողի Սայարի, կոլաժիստ Գոլբահար Հայաթի ու Իրանի լավագույն լուսանկարիչ, ծագումով հայ Օշին Զաքարյանի աշխատանքները: Բացումն ուղեկցվում էր իրանական ազգային խմբի երաժշտական կատարումներով:
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակութային կենտրոնը, Երևանի քաղաքապետարանը:
Ցուցահանդեսը կգործի երկու շաբաթ:









































