Կենդանիների պաշտպանության օրվա շրջանակում այսօր Երևանում, մասնավորապես Օպերային հարակից տարածքում, Հյուսիսային պողոտայում ու Կասկադին հարակից շրջաններում տեղի կունենան ակցիաներ` ի պաշտպանություն կենդանիների: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք» ցանցային կազմակերպության կոորդինատոր, կենդանապաշտպան, հոմեոպատ, հոգեբան Լալա Պողոսյանը:
Նրա խոսքով` ակցիան բաղկացած է 3 մասից` կենդանիների շահերի պաշտպանությամբ զբաղվող կամավորների մի մասը՝ «Փրկենք կենդանիներին» նախաձեռնությունից, դրամահավաք կկազմակերպի Կասկադում, իսկ «Փրո Փոուզ» բրիտանական կազմակերպության ներկայացուցիչ Նարե Արամյանը կենդանիների սպանդի դեմ ուղղված նամակներ կտանի Ազգային ժողով, Երևանի քաղաքապետարան և կառավարություն:
Այսօր երեկոյան՝ ժ. 19:00-ին, «Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք» նախաձեռնության անդամները կհավաքվեն Կարապի լճի մոտ և թռուցիկներ կբաժանեն` ուղղված բակային ցանցեր կազմակերպելուն և կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքին վերջ տալու մասին: Լ. Պողոսյանի խոսքով`իրենց ջանքներով, Երևանի 50 բակում արդեն կան շների և կատուների համար կառուցված ապաստարաններ: Բացի այդ` թռուցիկները մարդկանց կիրազեկեն, թե ինչ պետք է անեն մարդիկ այն դեպքում, երբ ականատես են եղել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի:







































