Որքան էլ փորձ արվի լռության մատնել Ռոբերտ Քոչարյանի գործոնը ներքաղաքական զարգացումներում, անկասկած է, որ այն կա և, թերևս, ավելի կարող է խորանալ, իսկ դրա հանդեպ, այսպես ասած, «ջայլամի» քաղաքականություն վարելը հազիվ թե ապահովագրի դրանից, եթե գործ ունենք ներքաղաքական զարգացումների հետ:
Ի վերջո, պատկերավոր խոսքն այս դեպքում մի փոքր վերափոխելով՝ կարելի է ասել, որ եթե դու «չես զբաղվում» Ռոբերտ Քոչարյանով, Ռոբերտ Քոչարյանն է «զբաղվում» քեզնով: Այնպես որ, Հայաստանի ներքաղաքական կյանքի հիմնական սուբյեկտ հանդիսացող ընդդիմությանը` Հայ ազգային կոնգրեսին, և իշխանությանը` Սերժ Սարգսյանին, հարկ է զբաղվել այդ խնդրով, այլապես կարող են կանգնել փաստի առաջ: Կասկած չկա, որ դրանով զբաղվելու ամենակարևոր և առաջնային քայլը կարող է և պետք է լինի երկրում առկա սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական ճգնաժամի համակարգային հաղթահարմանն ուղղված գործունեությունը:
Հայաստանում առկա իրավիճակը պետք է փոխվի, պետք է հաղթահարվի, պետք է տեղի ունենան համակարգային բարեփոխումներ: Եթե այդ ամենը չի ստացվում, և, եթե ընդդիմությունը չի կարողանում պարտադրել իշխանությանը՝ հասնել նրան, որ իշխանությունն անգամ ստիպված գնա այդ փոփոխություններին, ապա նրանց մնում է արդեն Քոչարյանով «զբաղվել» զուտ քաղաքական գործարքի իմաստով` ուղղակի կամ անուղղակի պայմանավորվածությունների տեսքով: Բանն այն է, որ այսպես թե այնպես, Քոչարյանի գործոնն ունի ընդդիմությանն ու Սերժ Սարգսյանին «միավորող» տարր: Թե ընդդիմության, թե Սերժ Սարգսյանի համար Քոչարյանի վերադարձը ցանկալի չէ: Իհարկե, ցանկալի չէ նաև հասարակության համար, բայց միևնույն ժամանակ պարզ է, որ Քոչարյանը հասարակությամբ չէ, որ վերադառնալու է: Սակայն, մյուս կողմից, նա կարող է վերադառնալ հասարակական անտարբերության հողի վրա: Այդ տեսանկյունից, Սերժ Սարգսյանն, իհարկե, ունի Կոնգրեսի կարիքը, քանի որ Կոնգրեսը կարող է հանրության մոտ թարմ պահել քոչարյանական կառավարման մասին «հիշողությունը», և, ինչը թերևս առավել կարևոր է` քաղաքական առումով Քոչարյանին ուղղակի պահել փաստարկային նշանառության տակ՝ ներկայացնելով զուտ իրավական մեղադրանքներ 2008 թվականի Մարտի 1-ի և այլ գործողությունների համար:
Կոնգրեսն, իհարկե, կարող է մատուցել այդ «ծառայությունը» Սերժ Սարգսյանին, բայց, անշուշտ, դրա դիմաց պահանջելով սեփական պահանջների հանդեպ կոմպրոմիսային մոտեցում: Այստեղ Սարգսյանի կոմպրոմիսը զգալիորեն կախված է թե՛ Կոնգրեսի հասարակական աջակցությունից, քաղաքացիական մոբիլիզացիայի ծավալից, թե՛ Ռոբերտ Քոչարյանի ակտիվության և վերադարձի հնարավոր վտանգից: Ընդ որում, հանուն արդարության պետք է նկատել, որ առնվազն այս պահին երկրորդը առավել առարկայական է, նկատի ունենալով նաև կոալիցիայի երկրորդ կուսակցություն ԲՀԿ-ի նախագահ Ծառուկյանի հայտարարությունը՝ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու բարոյական և քաղաքական իրավունքի մասին:
Այդ պայմաններում, Սերժ Սարգսյանին, թերևս, հարկ կլինի որոշակի կոմպրոմիսային ժեստ անել ընդդիմությանը, դրա դիմաց ակնկալելով, որ ընդդիմությունն էլ նրան անուղղակիորեն կաջակցի՝ Քոչարյանի վտանգը կանխելու հարցում: Բայց, այստեղ, անշուշտ, իրավիճակը միարժեք չէ, քանի որ քաղաքական գործընթացն ամենևին չի սահմանափակվում միայն Քոչարյանի վերադարձով, կան բազմաթիվ այլ ներքին ու արտաքին գործոններ:
Ի վերջո, Քոչարյանի գործոնը ոչ միայն ունի ընդդիմությանն ու իշխանությանը «միավորող» ռեսուրս, այլ նաև կարող է Սերժ Սարգսյանի ձեռքին գործիք լինել՝ ընդդիմության հետ հարաբերություններում: Ուռճացնելով գործոնն ու դա շահարկելով՝ և՛ ընդդիմության հետ հարաբերություններում, և՛ միջազգային հանրության հետ շփումներում, նա կարող է փորձել ապահովել ներկայիս ստատուս-քվոն՝ որպես «չարյաց փոքրագույն»:









































