«Երևանի կենդանաբանական այգին կդառնա խոշոր էկոլոգիական կենտրոն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ով լրագրողներին ներկայացրեց այգու առաջիկա անելիքները և վերջին հինգ ամիսների ձեռքբերումները:
«Արդեն մայիս ամսին պատրաստ կլինի երեք խոշոր կատվազգիների համար նախատեսված ազատավանդակը, որը 2250 քառակուսի մետր մակերեսով ազատ տարածք է` տեղակայված Երևանի կենդանաբանական այգու ծայրամասում: Լինելու են ժայռեր, ջրվեժ, լճակ, կիսաանապատային հատված»,- տեղեկացրեց Ռ. Խաչատրյանը` հավելելով, որ այցելուները հնարավորություն կունենան տեսնել, թե ինչպիսի հմտությամբ են ապակուց այն կողմ կատվազգիները ձուկ բռնում և անցկացնում իրնեց առօրյան բնության մեջ: Խաչատրյանը նաև ասաց, որ այժմ այգում կա 1800 կենդանի և 200-ից ավելի կենդանատեսակ, որոնց պայմանները ժամանակի ընթացքում բարելավվելու են:
«Այգում նախատեսվում են տեղադրել նաև կենդանիների քանդակներ, որոնցով այցելու երեխաները կկարողանան խաղալ և պարզապես, այգին կգեղեցկանա»,- հավելեց Ռ. Խաչատրյանը:
Այս տարի Երևանի կենդանաբանական այգու հիմնադրման 70-ամյակն է, որի կապակցությամբ «Արևորդի» փառատոնի շրջանակում կիրականացվեն մի շարք միջոցառումներ` կենդանիների դիմակահանդես-շքերթ, որով ավանդաբար բացվում է փառատոնը, «Բնությունը քաղաքում» նկարչական ծրագիր, «Խաղաղության այգի» մշակութային նախագիծ և այգու հին ու նոր լուսանկարների ցուցահանդես: Վերջինիս ընթացքում կներկայացվեն նախապես հայտարարված լուսանկարների մրցույթին մասնակցած լավագույն լուսանկարները և այգու արխիվում պահպանված ու այցելուների կողմից տրամադրված արխիվային նյութերի մի մասը:
«Փորձել ենք անդրադառնալ հասարակության բոլոր շերտերին, ստեղծվել է այգուն կից երկու խորհուրդ` մասնագիտական և ֆինանսական: Այգին կարողացել է հինգ անգամ ավելի շատ եկամուտ ունենալ, ավելի մեծ ներդրումներ են ծրագրված: Կենդանաբանական այգին լուրջ փոփոխությունների կարիք ունի»,- ասաց Ռ. Խաչատրյանը:








































