Սիրիայում զինվորականները զանգվածային ձերբակալություններ են իրականացրել Ալ-Ռաստան քաղաքում: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, այստեղ 3 օրում ձերբակալվել է շուրջ 3000 մարդ:
Ընդդիմության ներկայացուցիչը հայտնել է, որ ձերբակալվածներին պահում են ցեմենտի գործարանի տարածքում, ինչպես նաև դպրոցների և սպորտային կենտրոնների շենքերում:
Հոկտեմբերի 2-ին Սիրիայի կառավարական ուժերը գրոհով վերցրել էին Ալ-Ռաստան քաղաքը, որը մինչ այդ մի քանի օր գտնվում էր ապստամբների հսկողության տակ: Զոհերի և վիրավորների մասին պաշտոնական տվյալներ չկան, սակայն ընդդիմությունը հաղորդում է տասնյակ զոհերի մասին:
Ալ-Ռաստանի ռազմական գործողությունները ամենախոշորն են Սիրիայում գրեթե կես տարի շարունակվող հուզումների ընթացքում: Ապստամբության մյուս խոշոր կենտրոն է համարվում նրանից ոչ հեռու գտնվող Հոմս քաղաքը:
Սիրիայում նախագահի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերը սկսվել են 2011 թ. մարտի վերջին: ՄԱԿ-ի տվյալներով` մինչ այժմ զոհվել է ավելի քան 3000 մարդ:










































