Հոկտեմբերի 1-ին Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում 9-րդ անգամ խաղարկվում էր «Ախ, Աննա՜, Աննա՜» ներկայացումը: Թատրոնից դուրս ներկայացումը մեծ աղմուկ է բարձրացրել. այնտեղ խաղում է Անժելա Սարգսյանը, սակայն դահլիճում ամեն ինչ այնպես էր, ինչպես բոլոր հաջողված ներկայացումների ժամանակ:
Ներկայացման պրեմիերան եղել է մայիսի 20-ին, և, ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց բեմադրող ռեժիսոր Արմեն Բարսեղյանը, մինչ օրս կայացած բոլոր ներկայացումներն անցել են լեփ-լեցուն դահլիճում, իսկ թատերախմբի վարիչ Հովհաննես Թեքգյոզյանը նշեց, որ թատրոնի ներսում ընդհանրապես չի քննարկվում դերասանների անձնական կյանքը. «Անժելան պրոֆեսիոնալ է, նա լավ դերասանուհի է: Նրա անձնական կյանքը թատրոնում ոչ ոք չի քննարկում, մեզ մոտ այդ թեման արգելված է»:
Ներկայացումն ամուսինների մասին է: Անժելան խաղում է կնոջ` Ժակլինի դերը, ամուսնու՝ Բերնարի դերում հանդես է գալիս Արտաշես Մխիթարյանը: Նրանք մեկը մյուսին դավաճանելու առիթ են փնտրում: Ի վերջո, նրանց ընձեռվում է այդ առիթը, և խաբեության արդյունքում ամուսինները սիրեցյալներին ընդունում են իրենց տանը: Մի ամբողջ գիշեր նույն տանն անցկացնելով՝ ամուսիններից ոչ մեկը չի էլ կասկածում, որ իր զուգընկերը տանն է և դավաճանությամբ է զբաղված: Իրադարձությունների կենտրոնում անընդհատ սպասուհին է, ում կերպարը մարմնավորում է Լուիզա Ղամբարյանը: Սպասուհին ամեն կերպ հաջողությամբ թաքցնում է նրանց հանդիպումները…
Ավելի լավ է՝ դիտեք ներկայացումը. այն իսկապես հաջողված է, վստահեցնում ենք` ներկայացման ժամանակ կմոռանաք` ով ում կերպարն է մարմնավորում:









































